Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միջազգային կառույցները տեղեկացված են Արցախում մշակութային հուշարձանների թիրախավորման մասին

Միջազգային կառույցները տեղեկացված են Արցախում մշակութային հուշարձանների 
թիրախավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով պատմամշակութային հուշարձանների պահպանության  միջազգային կազմակերպությունները տեղեկանում են Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային հուշարձանների թիրախավորման մասին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանն ասաց, որ պարբերաբար նամակներով դիմում են միջազգային ԻԿՕՄՕՍ-ին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան խախտել են 1954 թվականին ընդունված Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի կետերը:

«Դեռ հոկտեմբերի 2-ին մենք դիմեցինք միջազգային ԻԿՕՄՕՍ -ին՝ տեղեկացնելով, որ Արցախում և Հայաստանում կան պատմամշակութային ժառանգության օբյեկտներ, որոնք կարող են վտանգվել ռազմական գործողությունների հետևանքով: Խնդրեցինք այդ մասին տեղեկացնել նաև այլ երկրների ԻԿՕՄՕՍ-ներին, որպեսզի նրանք ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և դատապարտեն այն, ինչ տեղի է ունենում այդ տարածքներում: Մենք հիշեցրինք, որ  դա բխում է նաև 1954 թվականին ընդունված Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայից, որին միացել են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը»,-նշեց Գյուրջյանը:

Նա շեշտեց՝ եթե երկիրը միացել է այդ կոնվենցիային և ընդունել է, որ չպետք է ռմբակոծի մշակութային ժառանգության տարածքները, հետևաբար պետք է պահպանի կանոնները: Ի պատասխան այդ նամակի՝ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը  խնդրել է ներկայացնել փաստեր, քարտեզներ, լուսանկարներ:

«Մենք նրանց ուղարկեցինք մի քարտեզ, որի վրա երևում են Հայաստանի և Արցախի տարածքի հուշարձանները: Ցույց ենք տվել այն սահմանները, որոնք ռմբակոծվում են: Քարտեզի վրա ոչ միայն հուշարձանների անվանումներն ու տեղերն են, այլև լուսանկարները: Նրանք այդ նամակն ուղարկել են «Կապույտ վահան» միջազգային  կազմակերպությանը, որը մոնիտորինգ է իրականացնում և ճշտում, թե կոնվենցիայի շրջանակում այն ընդունած պետությունները որքանով են պահպանում կանոնները»,-պատմեց Գյուրջյանն ու հավելեց՝ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու Ադրբեջանի կողմից ավերումից հետո կրկին նամակ են գրել միջազգային ԻԿՕՄՕՍ-ին՝ ուղարկելով  լուսանկարներն ու տեսանյութերը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը միջազգային ԻԿՕՄՕՍ-ին է ներկայացրել նաև ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամներ Համլետ Պետրոսյանի և Լյուբա Կիրակոսյանի հոդվածները:

Վերջին նամակին միջազգային ԻԿՕՄՕՍ-ը դեռ չի պատասխանել, բայց Գյուրջյանը ենթադրում է, որ միջազգային կառույցը դեր է խաղացել այն գործում, որ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անդրադառնա Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարի թիրախավորմանն ու բացարձակապես անընդունելի  համարի մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:

Անդրադառնալով միջազգային կառույցների գործնական քայլերին՝ Գյուրջյանն ասաց, որ իրենց ուղարկած վերջին նամակում ընդգծել են, որ ոչ միայն անհրաժեշտ է դատապարտել, այլև կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված են Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]