Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքագետը մարդկության դեմ հանցանք է համարում Արցախում հոսպիտալի թիրախավորումը

Քաղաքագետը մարդկության դեմ հանցանք է համարում Արցախում հոսպիտալի 
թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Գալստյանը մարդկության դեմ պատերազմական հանցանք է համարում Արցախում հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հոսպիտալի թիրախավորումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ Ադրբեջանն արդեն քանիերորդ անգամ այս պատերազմում խախտում է միջազգային իրավանորմերն ու հումանիտար իրավունքը:

«Ադրբեջանն արդեն քանիերորդ անգամ խախտում է միջազգային իրավանորմերը, հումանիտարի իրավունքը, այդ թվում՝ հենց պատերազմի ժամանակ: Արտառոց ոչինչ չեմ տեսնում Ադրբեջանի գործողություններում և, ինչպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց` ցավոք, այսօր միջազգային հանրությունը, որը պետք է տեր կանգներ այդ պայմանագրերին, նորմերին, համարժեք արձագանք, համարժեք պատասխան չի տալիս»,- ասաց Գալստյանը:

Նարեկ Գալստյանը հավելեց, որ Ադրբեջանի ու նրան աջակցող Թուրքիայի գործողությունները ֆիզիկական անվտանգության մարտահրավեր են հայ ժողովրդի առջև:

«Սա մեզ համար կենսական անվտանգության հարց է, նրանց կողմից այս պահին մեր ֆիզիկական անվտանգությանը նետված մարտահրավեր է, դա միանշանակ: Երկուսն էլ այս պահին ոչ միայն հակառակորդ են, այլև թշնամի պետություններ են, որոնք ցանկանում են առնվազն մեր պարտությունը: Դատելով գործողությունների ոճից, նրանք պատրաստ են իրականացնելու նաև մարդկության դեմ պատերազմական հանցանքներ և իրականացնում են»,- նշեց Նարեկ Գալստյանը:

Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Արցախի հոսպիտալներից մեկը. «Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը  միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]