Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրովը հիշեցրեց ՄԽ համանախագահների առաջարկները

ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրովը հիշեցրեց ՄԽ 
համանախագահների առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորում հնարավոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկները:

«Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորում հնարավոր է: Առաջարկները, որոնք մշակել են և շարունակում են մշակել Մինսկի խմբի համանախագահները, մնում են բանակցությունների սեղանին»,-ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հիշեցել է, որ առաջարկների բովանդակությունը հայտնի է:

«Դա Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների աստիճանաբար ազատումն է՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները, և նախքան կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, ապահովելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հուսալի կապը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի կարծիքով՝ ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները կօգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը:

«Վերջին ժամանակները քննարկվող բոլոր պայմանավորվածությունները ենթադրում էին առաջին փուլում հինգ շրջանների ազատում՝ մյուս երկու շրջանները պահպանելով երկրորդ փուլի համար», - հայտնել է Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ երկրորդ փուլին էր մնալու նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը:

Ըստ առաջարկների, առաջին փուլում նաև պետք է ապահովվեր հաղորդակցությունը՝ տնտեսական կապերը, տրանսպորտային շփումները, ինչպես նաև խաղաղապահների տեղակայումը, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։  Ադրբեջանի զինված ուժերն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով մասնավորապես սահամանում է՝ սույն կանոնադրության մեջ որևէ բան չի խոչընդոտում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, եթե ՄԱԿ-ի անդամի դեմ զինված հարձակում է տեղի ունենում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Անդամների կողմից ինքնապաշտպանության այս իրավունքի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումները անհապաղ զեկուցվում են Անվտանգության խորհրդին և որևէ կերպ չեն ազդում սույն Կանոնադրության համաձայն Անվտանգության խորհրդի իրավասության և պատասխանատվության վրա `ցանկացած պահի ձեռնարկելու իրենց կողմից գործողություն, քանի որ դա անհրաժեշտ է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ