Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Կյանքից հեռացել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Արմենպրես»-ի նախկին թղթակից Շուշանիկ Աբրահամյանը

Կյանքից հեռացել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Արմենպրես»-ի նախկին 
թղթակից Շուշանիկ Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է գործակալության նախկին թղթակից, Արցախյան ազատամարտի մասնակից Շուշանիկ Աբրահամյանը:

Աբրահամյանը 1990-ական թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալության Հանրապետական լրատվության գլխավոր խմբագրության սեփական թղթակիցների բաժնում որպես ԼՂՀ-ում սեփական թղթակից:

2000-ականներին աշխատել է գործակալության Հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական  լրատվության բաժնում որպես թղթակից:

Շուշանիկ Աբրահամյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 10-ին Արագածոտնի մարզի (նախկինում Սպիտակի տարածաշրջան) Գեղարոտ գյուղում:

Արցախյան ազատամարտի մասնակից, Ծովակալ Իսակովի անվան մեդալակիր, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիների» հուշամեդալակիր, ԽՍՀՄ լրագրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Շուշանիկ Աբրահամյանի համար Արցախը դրախտավայր էր: «Արմենպրես»-ին պատմել է՝ երբ պատկերացնում է դրախտը, աչքերի առջև Արցախն է գալիս: Նրա խոսքով, մինչև հանրաքվեն, Արցախն արդեն ինքնորոշվել ու կողմնորոշվել էր, որ Հայաստան է: «Հանրաքվեն միայն դրսի աշխարհի համար էր, որ այս ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի: Մինչև հռչակագիրն էլ Արցախն արդեն ինքնորոշվել էր, 88-ի շարժման տարիներին, գուցե դրանից առաջ էլ մարդիկ են եղել, ձայն են բարձրացրել, ըմբոստացել են: Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում` սա Հայաստանն է ու վերջ»,-նշել էր Շուշանիկ Աբրահամյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Շուշանիկ Աբրահամյանի հարազատներին, մերձավորներին, հատկապես նրա դստերը՝ «Արմենպրես»-ի թղթակից Վարվառա Հայրապետյանին, կիսում կորստի ծանր վիշտը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ