Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում 
ինտեգրման գործընթացների վրա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը համավարակի պայմաններում շեշտում է ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը, մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ երկրների տնտեսությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանն իր ելույթում:

Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը և երկրների միջև ինտեգրման խորացման ուղղությամբ աշխատանքը ՀՀ կառավարության կարևորագույն գերակայություններն են: Հայաստանը հետայսու ևս կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու միության կողմից սահմանված նպատակներին, չնայած Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին: «Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական նախագծի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, շատ կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը: Համավարակի պայմաններում մենք շեշտում ենք ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայն ներդնումը կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: ՀՀ կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Փաշինյանը նկատեց, որ իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը: «Եվ վերջինը: Մենք, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումների, այնպես էլ ինովացիոն գրավչության ավելացմանը, ակտիվության և Միության մրցունակության և գիտաարտադրական ներուժի բարձրացմանը»,-եզրափակեց վարչապետը:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպումն արդեն կայացել է: Դրան մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]