Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը չէր հանդգնի միայնակ փորձել ռազմական ուղով լուծել ԼՂ հիմնահարցը

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը չէր հանդգնի միայնակ փորձել ռազմական 
ուղով լուծել ԼՂ հիմնահարցը

Արցախյան թեժ մարտերի ֆոնին Թուրքիան սկսել է քաղաքական առեւտուրը, որը լիովին կանխատեսելի էր: Մեւլութ Չավուշօղլուն բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է` Լեռնային Ղարաբաղում կիրառվի Սիրիայի ձեւաչափը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նման հայտարարություններով ավելորդ անգամ հաստատում է, որ այդ երկիրն է արցախյան վերջին պատերազմի հրահրողը:  Նախորդ դարի 90-ականների սկզբի եւ 2016 թվականի պատերազմներից հետո Ադրբեջանը երբեք չէր հանդգնի սեփական ուժերով ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու փորձ անել:

Ադրբեջանը այդ քայլին գնաց, որովհետեւ Թուրքիան իր՝ տարբեր հաշվարկներով 150 ռազմական մասնագետներով, F16-ով ու այլ տեխնիկայով մտավ Ադրբեջան եւ այնտեղ տեղափոխեց 4000-ից ավելի ծայրահեղ իսլամիստ վարձկանների հյուսիսային Սիրիայից ու Լիբիայից: Թուրքիան, հրահրելով նոր պատերազմը, արդեն չի էլ թաքցնում, որ ցանկանում է մտնել Հարավային Կովկաս: Ինչպես 100 տարի առաջ, այս անգամ նույնպես այս երկիրը կրկին ցանկանում է դա անել կարճաժամկետ հատվածում կարգավորելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թուրքիան պարզ տեքստով հայտարարում է, որ իր այդ քայլով ցանկանում է խնդրի կարգավորումից դուրս մղել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային եւ Արցախի հիմնահարցը լուծել Ռուսաստանի հետ: Այդ նպատակով Թուրքիայի նախագահը նույնիսկ մեծ «մեսիջ» ուղարկեց ռուսներին, երբ վարձկաններին Արցախի հարակից տարածքից դուրս հանելու ԱՄՆ կոչին արձագանքեց, թե նման արտահայտություն է անում մի երկիր, որը զինծառայողներ եւ զենք է մատակարարում հյուսիսային Սիրիայի քրդերին:

Այսպիսով Թուրքիան ցանկանում է մտնել մի տարածք, որտեղ Ռուսաստանի ազդեցությունն այնպիսին է, որ կարող է միայնակ էլ լուծել ծագած խնդիրները: Մյուս կողմից էլ նկատենք, որ Թուրքիան ցանկանում է Արցախի խնդրի լուծման քաղաքական  եռակողմ ձեւաչափը փոխել Սիրիայում գործող երկկողմ ռազմաքաղաքական ձեւաչափով: Սրան դեմ կլինի քաղաքակիրթ աշխարհը: Մյուս կողմից էլ օրինաչափ հարց է ծագում՝ ինչու պետք է Ռուսաստանը համաձայնի այդ առաջարկին, քանի որ ըստ էության միակ փոփոխությունը որ լինելու է, դա տարածաշրջանում նոր խաղացողի ներգրավումն է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փոխարեն:

Թուրքիայի ձգտումը Ֆրանսիային դուրս մղել տարածաշրջանային գործընթացներից բնական է, քանի որ վերջինս իր ներկայիս եւ նախկին նախագահների շուրթերով հայտարարում է, թե կանգնելու է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ: Իսկ Ռուսաստանի դեպքում դա կնշանակի ձեւաչափից դուրս մղել Արեւմտյան պետություններից իր հետ քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ունեցող երկրին: Ենթադրենք, ռուսները համաձայնում են Ֆրանսիայի փոխարեն տարածաշրջանում տեսնել ներկայումս, իրենց ձեւակերպմամբ, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիային:

Առաջին հայացքից կարելի է կարծել, թե Ռուսաստանին ձեռնտու կլինի ԱՄՆ-ի դուրսմղումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացներից: Բայց այս դեպքում ի՞նչ է անում Թուրքիան: Վերջինս փորձում է Իրանի հյուսիս տեղափոխել Սիրիայում պրոիրանական ուժերի դեմ պատերազմած ծայրահեղական իսլամիստների, եւ ինքը, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, հաստատվել Իրանի հյուսիսում: Այլ կերպ ասած, Թուրքիայի գործողությունները լիովին տեղավորվում են ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ցանկալի զարգացումների մեջ:

Արդյունքում, պարզ հաշվարկով տարածաշրջանում միակ փոփոխությունը, որ առաջարկում է Թուրքիան, Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի դուրս մղումն է: Իսկ ԱՄՆ-ը փոխարինվում է նույն քաղաքականությունն ավելի առարկայական վարող Թուրքիայով: Սա պարզագույն մաթեմատիկա է, եւ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը կանխատեսելը դժվար չէ:

Արցախի հարակից տարածքներում եւ Անդրկովկասում, ընդհանրապես, Թուրքիայի ակտիվացման մյուս անմիջական ազդակիրը Իրանն է: Ռուսաստանը գործնականում որեւէ խնդիր չունի Իրանի հետ: Սիրիայում այս երկու պետությունները սատարում էին Ասադին: Այս առումով նույնպես Թուրքիայի առաջարկը ձեռնտու չէ Ռուսաստանին:

Այս ամենից բացի՝  նման ձեւափոխություններին պետք է համաձայնեն հակամարտության կողմերը՝ Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը: Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում միանշանակ պարզ է՝ ադրբեջանական շահերն անվերապահորեն պաշտպանող եւ գործած ցեղասպանությունը չճանաչող պետությունը չի կարող հակամարտություն կարգավորող լինել, ինչն ավելորդ անգամ փաստեց նաեւ նրա հրահրած վերջին պատերազմը:

Ստացվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են հերթական չլուծվող խնդիրը ներմուծել ղարաբաղյան առանց այն էլ բարդ հակամարտության մեջ, որը միանշանակ կխորացնի այն, այլ ոչ թե կնպաստի խնդրի կարգավորմանը: Միջազգային կառույցները դա տեսնում ու քննադատում են: Նույնիսկ Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելը քննադատեց Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]