Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում պետք է խաղաղություն տիրի, քանի որ այն սուրբ հող է. Լյուբով Կազարնովսկայա

Արցախում պետք է խաղաղություն տիրի, քանի որ այն սուրբ հող է. Լյուբով 
Կազարնովսկայա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, որը մշտապես  բարձրաձայնել է Հայաստանի հանդեպ իր սիրո մասին,  այս օրերին նույնպես Հայաստանի հետ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին համացանցում հրապարակված տեսանյութում շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն ոչ ասի այն ռազմական գործողություններին, որոնք Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ:

Երգչուհին նշում է, որ Արցախն իր համար շատ թանկ է, քանի որ իր հայրը ծառայել է Հայաստանում. նա բանակի հրամանատար է եղել, և Կազարնովսկայան շատ լավ է ճանաչում մեր երկիրը: Նա նշում է, որ բազմաթիվ պատմաբան ընկերներ և ծանոթներ ունի, որոնք իրեն ներկայացրել են այդ՝ արյունով պատված երկրի պատմությունը:

Կազարնովսկայան հիշում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում միջազգային կազմով կատարել են Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Ներկա է եղել ավելի քան 6000 ունկնդիր աշխարհի տարբեր ծայրերից:

«Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, և հայերն օտար երկրներից եկել էին այն ուղերձով, որ չի կարելի  թույլ տալ՝ այդ սարսափելի պատմությունը կրկնվի: Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր: Փաստացի դա կրկին սկսվող ցեղապսանություն է»,-նշում է օպերային երգչուհին ու շեշտում, որ Արցախը հնամյա արժեքներ կրող հող է. Այնտեղ է Գանձասար վանական համալիրը,  բազմաթիվ մշակութային հուշարձանները, որոնք մեզ են փոխանցել մեր նախնիները:

Լյուբով Կազարնովսկայայի խոսքով՝ Ղարաբաղի ժողովուրդը, մարդիկ, որոնք կրում են այդ մշակույթն ու ավանդույթները, ունեն պատմական հիշողություն, գնահատում են իրենց պատմությունը, սիրում են այն ու պայքարում են իրենց հողի ամեն կտորի համար:

Նա շեշտում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունում այլ երկրների միջամտությունն անթույլատրելի է: «Ինձ համար Արցախը քրիստոնեության հենակետն է Կովկասում, որը չպետք է կորսվի: Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկանում Թուրքիան, հասկանում եմ մյուս երկրի ամբիցիաները և կարծում եմ, որ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև փորձագտներ, պատմաբաններ, մարդիկ, որոնք ունեն պատմական հիշողություն: Նրանք պետք է որևէ կոնսենսուսի գան»,-հորդորում է երգչուհին:

Օպերային աստղը շեշտում է, որ չի կարելի թույլ տալ՝ խաղաղ պայմաններում մարդիկ հողին հանձնեն իրենց զավակներին. դա անթույլատրելի է, սարսափելի է,  ցավալի է: «Մենք այսօր պետք է ինչ-որ բարոյական աջակցություն ցույց տանք Արցախի բնակիչներին, նրանց բարի խոսքեր ասենք, օգնության, աջակցության խոսքեր, որպեսզի թույլ չտանք՝ կրկնվի այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ: Արցախի հողում պետք է խաղաղություն տիրի, քանի որ այն սուրբ է, էներգիայով հարուստ է: Մենք բոլորս վճռականորեն պետք է ոչ ասենք ոչ իրավական  ռազմական գործողություններին, որոնք ծավալվում են Արցախում»,-եզրափակում է Լյուբով Կազարնովսկայան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]