Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում պետք է մտահոգի Իրանին. դեպան Թումանյան

Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում պետք է մտահոգի Իրանին. դեպան Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Ilna» լրատվական կայքին` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին, դրանց Թուրքիայի մասնակցության անթույլատրելիությանը և տարածաշրջանի համար դրանց վտանգավորությանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հարց Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված ռազմական բախման պատճառը:

Արտաշես Թումանյան․ Այս պատերազմական գործողությունները պատահական ծագած երևույթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված լայնածավալ հարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպված տապալում և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձ:

Ի տարբերություն այս տարի հուլիսին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի, այս անգամ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանն էլ շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

Արցախի դեմ Ադրբեջանի ներկա ագրեսիան բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․ առաջին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով։ Երկրորդ՝ այս նպատակի իրականացման համար Ադրբեջանը լայնածավալ ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Միաժամանակ, արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:

Հարց․ Հնարավո՞ր է, որ ռազմական գործողությունների մեջ ներքաշվեն տարածաշրջանի երկրները, և ինչպիսի՞ն կլինի ուժերի դասավորվածությունն այդ պարագայում:

Արտաշես Թումանյան․ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ այս գործողություններն ուղղված են տարածաշրջանային կայունության և անվտանգության խաթարմանը, որի հետևանքների համար վերջինս կրում է ողջ պատասխանատվությունը:

Այս պահին Թուրքիան է, որ ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողությունների մեջ և բացարձակապես չի էլ թաքցնում իր ծայրահեղ միակողմանի և ագրեսիվ դիրքորոշումը հայկական կողմի նկատմամբ:

Հարց․ Արդյո՞ք ՄԱԿ-ը կարող է միջամտել և օգնել ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը:

Արտաշես Թումանյան․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որի հիմնական ուղերձը ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցություն հայտնելն է:

Հարց․ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն այս հակամարտության լուծման համար ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ:

Արտաշես Թումանյան․ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այս հարցում նրա դերակատարությունը չափազանց մեծ է, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Թուրքիայի մասին արդեն ասվեց. վերջինս չի կարող և չի էլ փորձում ունենալ կառուցողական դերակատարություն և հանդես է գալիս հակամարտության կողմերից մեկի շահերի ակնհայտ պաշտպանության դիրքերից՝ գործնականում ներգրավվելով նաև ռազմական գործողությունների մեջ:

Ինչ վերաբերում է Իրանին, վերջինս մշտապես հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Հարկ է նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է իրանական կողմի՝ բանակցությունների վերսկսմանն օժանդակելու պատրաստակամության մասին՝ մի բան, որ Հայաստանի կողմից շատ բարձր է գնահատվում:

Հարց․ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունն ինչքանո՞վ է ազդել այս բախումների բռնկման վրա:

Արտաշես Թումանյան․ Թուրքիայի միակողմանի և ագրեսիվ դիրքորոշումը միանգամայն ակնհայտ է, և այս ռազմական բախման ընթացքում լիովին «նյութականացվեց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, դրանց ավարտից հետո զինուժի և ռազմական տեխնիկայի՝ Ադրբեջանի տարածքում թողնելուն, ապա դա կարելի է համարել ռազմական ագրեսիայի նախապատրաստման կարևոր բաղադրիչներից մեկը:

Ի դեպ, Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում և հատկապես Նախիջևանում կարծում ենք՝ մտահոգիչ իրողություն պետք է լինի նաև Իրանի համար:

Հարց․ Հակամարտության լուծման գործում ի՞նչ դերակատարություն կունենան ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահող երկրները:

Արտաշես Թումանյան․ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է: Այս պահին ՀՀ ղեկավարությունը մշտական կապի մեջ է համանախագահող երկրների հետ՝ ստեղծված վտանգավոր վիճակը կարգավորելու և բանակցությունները բնականոն հուն վերադարձնելու նպատակով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ