Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ադրբեջանն օգտագործում է այլ երկրների տարածքները, որպեսզի ագրեսիա իրականացնի Արցախի դեմ. Նաղդալյան

Ադրբեջանն օգտագործում է այլ երկրների տարածքները, որպեսզի ագրեսիա 
իրականացնի Արցախի դեմ. Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ափսոսանք հայտնեց այն հարցի առնչությամբ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար օգտագործում է այլ երկրների տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նաղդալյանն այս մասին ասաց, արձագանքելով այն դիտարկմանը, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաև իրանցիները:

«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ և իսկապես կապը տարբեր մակարդակներով մշտական բնույթ է կրում: Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքները, որպեսզի մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ: Այս առումով Իրանի մեր գործընկերների հետ երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- ասաց Նաղդալյանը:

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ