Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաքուն պետք է զերծ մնա Արցախում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ոտնձգություններից. հայտարարություն

Բաքուն պետք է զերծ մնա Արցախում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ 
ոտնձգություններից. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 10 լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ կոչ են արել միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժել են տեղացի և օտարերկրյա լրագրողներ։ Մասնավորապես՝ վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալը և օպերատոր Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, «24news.am» տեղեկատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ռուսական «Дождь» հեռուստաալիքի թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես ադրբեջանական կրակի տակ է ընկել, սակայն կարողացել է թաքնվել ապաստարանում, ինչպես շատ այլ լրագրողներ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալության աշխատակիցներին տեղափոխող մեքենան:

Ուշագրավ է, որ լրագրողները տուժել են բնակավայրում՝ զորքերի շփման գծից բավական հեռու, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ադրբեջանական զինուժի մարտական գործողություններն ուղղված են նաև խաղաղ բնակչությանը։ Այս հանգամանքը, ինչպես նաև լրագրողներին թիրախավորելը Ժնևյան կոնվենցիայի պահանջների կոպտագույն խախտում է։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, կոչ ենք անում. 

  • միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից,
  • ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգություն նապահովելու համար։ 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Սեպտեմբերի Թուրքիայի 29-ին F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]