Վրացագետները Վրաստանի հայերին հորդորում են զգուշանալ ադբեջանա-թուրքական հնարավոր սադրանքներից
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հատվածում վերջին շրջանում իրավիճակի սրման հետ կապված` Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը հիմնականում պահպանում է հավասարակշռությունը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վրացագետներ Ջոնի Մելիքյանն ու Ալիկ Էրոյանցը նշեցին, որ դա նկատվում է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:
Ալիկ Էրոյանցի խոսքով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տասնամյակում Վրաստանում բավական խորն արմատներ են գցել Թուրքիան ու Ադրբեջանը, հատկապես տնտեսության բնագավառում, ապա այս պարագայում պաշտոնական Վրաստանի չեզոքությունը ողջունելի է: Ալիկ Էրոյանցը նշեց, որ այս միտումը միանշանակ չէ լրատավական դաշտում: Մասնավորպես, ընդդիմադիր լրատվամիջոցներում, ավելի կոնկրետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հովանավորվող լրատվամիջոցներում, ղարաբաղյան հարցի հետ կապված ակնհայտ երևում է պրոադրբեջանական գիծը:
«Իհարկե, հայկական տեսակետները ևս ներկայացվում էին, սակայն, ընդհանուր առմամբ, քարոզչական ուղղությունն ավելի պրոադրբեջանական է: Մենք պետք է շատ ուշադիր և զգոն լինենք այն հանգամանքի նկատմամբ, որ Վրաստանում լուրջ թուրք-ադրբեջանական քարոզչություն է իրականացվում: Ցանկացած տեղեկություն, որը կարող է հայ-վրացական հարաբերությունների համար ոչ նպաստավոր իրավիճակ ստեղծել, ոչ բարեկամ երկրները որսում են ու փորձում դրա վրա աշխատել: Պետք է լինել շատ ուշադիր ու չտրվել սադրանքների»,-ասաց Ալիկ Էրոյանցը:
Ջոնի Մելիքյանը նկատեց, որ Վրաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, այնտեղ խորհրդարանական ընտրություններ են: Չի բացառվում, որ այդ համատեքստում ևս դիտարկվեն ընդդիմադիրների հակահայկական հայտարարությունները: Այս պարագայում վրացագետը կարծում է, որ պետք է տեղի հայերը զգոն լինեն:
«Շատ ողջունելի է այն, որ մեր հայրենակիցներն առաջին իսկ րոպեից պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց Հայրենիքին, սակայն անհրաժեշտ է այնպես գործել, որ օրենսդրական խնդիրներ չլինեն: Մասնավորապես, սահմանին, չունենալով համապատասխան փաստաթղթեր, փորձում են հումանիտար օգնություն բերել Հայաստան, փորձում են գրանցվել և առաջնագիծ մեկնել: Այնինչ, այդ հարցի հետ կապված օրենսդրական սահմանափակումներ կան: Մասնավորապես, սիրիական ճգնաժամի համատեքստում Վրաստանում օրենսդրական կարգավորում են մտցրել, ըստ որի, իրենց քաղաքացիներին արգելվում է օտար երկրում ռազմական գործողություններին մասնակցելը»,-ասաց Ջոնի Մելիքյանը: Փորձագետը մեկ անգամ ևս Վրաստանի հայերին հորդորեց շատ զգոն լինել, որովհետև իրենք թիրախավորվում են հակառակորդի կողմից կամ Վրաստանում իրենց շահերն առաջ տանող փորձագետների, լրատվամիջոցների կողմից: Այս փուլում ամեն մի սխալ քայլ կարող է օգտագործվել և բարդացնել հայ-վրացական հարաբերությունները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացիական անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:
Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում