Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության մոտ

Թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում 
Թուրքիայի հյուպատոսության մոտ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները և Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իսպանիայի Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը, նշելով, որ ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլև կատալոնացի և իսպանացի համախոհներ:

«Այս երեկոյան ժամը 16։00-ին հանրահավաք էինք կազմակերպել։ Հանրահավաքով մենք մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք ընդդեմ ադրբեջանական և թուրքական ագրեսիայի։ Հանրահավաքը տեղի ունեցավ Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Այն կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։ Ցույցին մասնակցեցին նաև կատալոնացի և իսպանացի համախոհներ, որոնք դատապարտում էին ադրբեջանական ագրեսիան, թուրքական սպառնալիքը և ոտնձգությունները»,- ասաց Սուլյանը:

Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետը նշեց, որ ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ, իսկ ցույցին նախորդել են Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Իսպանացի քաղաքական և հասարակական գործիչների ու իրավապաշտպանների հայտարարությունները, ինչպես նաև հոդվածները` իսպանական մամուլում:

Տաթև Սուլյանի խոսքով` Իսպանիայում բնակվող հայերն ակտիվ են եղել նաև օնլայն տիրույթում` համացանցում կասեցնելով ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ