Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի տարածքը ռմբակոծելով Ադրբեջանը մարտահրավեր նետեց նաև ՀՀ դաշնակիցներին

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի տարածքը ռմբակոծելով Ադրբեջանը 
մարտահրավեր նետեց նաև ՀՀ դաշնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, Թուրքիայի կողմից անվերապահ աջակցություն ստանալով, Հայաստանի տարածքը ռմբակոծելով,  փաստացի, Ադրբեջանը մարտահրավեր է նետում նաև Հայաստանի դաշնակիցներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի տարածքը ռմբակոծելով՝ Ադրբեջանը հետապնդում է  մի շարք քարոզչական նպատակներ: Մասնավորապես, փորձում է պարտվողական տրամադրություններ  տարածել Հայաստանում, ազդել հանրային տրամադրությունների վրա, միևնույն ժամանակ Ադրբեջանը խնդիր ունի սեփական ժողովրդին ոգևորելու:

«Թե՛ Արցախի հանդեպ ագրեսիան, թե՛ Հայաստանի տարածքի ռմբակոծումը, միջազգային իրավունքի լրջագույն ոտնահարում է Ադրբեջանի կողմից: Փաստացի, թե՛ համանախագահողների, թե՛ միջազգային կազմակերպությունների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ կոչերը մնում են անպատասխան: Ավելին, Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման և ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման»,-նշեց Նարեկ Մինասյանն՝ անդրադառնալով սահմանային իրադարձությունների առնչությամբ միջազգային հանրության գնահատականներին:

Քաղաքագետն, ով այժմ Արցախում է, անդրադարձավ նաև այնտեղ տիրող իրավիճակին: Նա կարևորեց այն, որ բնակչությունը հետևում է անվտանգության վերաբերյալ բոլոր ցուցումներին, միևնույն ժամանակ երկրում իրականացվում է տարբեր ոլորտների գործունեության վերակազմակերպում:  Շատերը զորակոչվել են, մի շարք խմբեր էլ կամավորագրվում են՝ տարբեր բնույթի հանրային անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար:

«Վախ, խուճապ չի նկատվում արցախցիների մոտ, ինչը բավական կարևոր ցուցիչ է. սահմանագծից ստացվող նորություններն էլ միայն ոգևորում են բնակիչներին»,-հավելեց քաղաքագետը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ:

Մարիամ Ավանեսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]