Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փնտրտուք՝ մութ սենյակում․ Ովքե՞ր և ինչո՞ւ են քրդական կուսակցությունը փնտրում այնտեղ, որտեղ այն չկա

Փնտրտուք՝ մութ սենյակում․ Ովքե՞ր և ինչո՞ւ են քրդական կուսակցությունը փնտրում 
այնտեղ, որտեղ այն չկա

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից աոաջ»,- մի առիթով գրել է Օտտո ֆոն Բիսմարկը։ Թուրքական ու ադրբեջանական քարոզչությունը, կարծես, զբաղված է այս թևավոր խոսքը ձևափոխելու գործով, քանի որ սուտը մեկնարկել է ոչ թե ռազմական գործողություններին զուգահեռ, այլ դրանցից շատ ավելի առաջ։ Խոսքն այստեղ վերաբերում է Արցախի դեմ սանձազերծված հարձակմանը նախորդող շրջանին, երբ թուրքական լրատվամիջոցները միաբերան սկսեցին կրկին ստել։ Այս անգամ, շրջանառության մեջ դրվելու համար ընտրվել էր ամենամեծ ու թուրքական հասարակության համար ամենասարսափելի սուտը, թե իբր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկները տեղափոխվում են Արցախ: Այժմ մի փոքր նախապատմություն։

Ռազմական գործողությունների մեկնարկից երկու օր առաջ, թուրքական կառավարամերձ «Յենի շաֆաք» օրաթերթը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, գրեց, թե դրանց տեղեկություններով Սիրիայից ու Իրաքից Լեռնային Ղարաբաղ են անցնելու քուրդ զինյալներ, իբր Ադրբեջանի տարածքում պայթեցումներ, սաբոտաժ ու դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։ Այս անհեթեթությունը «միջազգայնացնելու» առաքելությունը դրվել էր «Սաբահ» օրաթերթի անգլալեզու տարբերակի ուսերին, որն էլ իր երևակայությանն ազատ թռիչք էր տվել։

Թերթի ծավալուն հոդվածում գրվել էին անուններ, վկայակոչվել տարբեր, հիմնականում թուրքական ու ադրբեջանական պաշտոնական ու կիսապաշտոնական, իրական ու երևակայական հասկացություններ, հնարվել էին հայ- քրդական գաղտնի պայմանագրեր ու այդ ամենը եզրափակվել էր թուրք- ադրբեջանական վերջին զորավարժությունների մասին հիշեցումներով։ Ամեն դեպքում, հոդվածի ընթերցումը նկարագրում էր այնպիսի խառն ու բարդ դիվանագիտական, քաղաքական ու լոգիստիկ քայլ, որ այդպիսի ջանքերի դեպքում, թերևս հնարավոր լիներ հասնել Սևրի դաշնագրի ամբողջական ու անվերապահ իրականացմանը։

Հետո, ինչպես մնացած կեղծ լուրերի դեպքում, բացառապես թուրքական լրատվամիջոցները, բացառապես իրարից արտատպելով տարածեցին տեղեկությունն ու իրենց միկրոաշխարհում հարցը համարեցին փակված։ Թուրքական քարոզիչները կարող էին հաջողություն համարել, որ մի քանի այլ լրատվամիջոցների վիճահարույց հրապարակումներում (եգիպտական «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությանը հարող մի թերթ, ռուսական առցանց մի քանի հարթակ և այլն), իրենց աշխարհացունց ապատեղեկատվությունն արտատպվեց։ Լրատվական մեյնսթրիմը ուղղակի անտարբեր անցավ այս ամենի կողքով։

Քրդական աշխատավորական կուսակցության հետ անձի կամ պետության կապերլը թուրքական հասարակությունում ունենում է կատաղեցնող ազդեցություն։ 1978-ին ստեղծված ու Թուրքիայում օրենքից դուրս համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սոցիալիստական ուղղվածության կուսակցություն է, որի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը գտնվում է անազատության մեջ։ Նախկինում անկախ քրդական պետություն ստեղծելու նպատակն ունեցող, այդ նպատակի իրականացման համար զինյալ պայքար մղած կուսակցությունը, այժմ ավելի համեստ պահանջներ է առաջ քաշում, որոնք Անկարան կրկին մերժում է։ Թուրքական հասարակության համար քրդական հարցի ցանկացած արծարծում ընկալվում է, որպես երկրի մասնատման վտանգ։ Թուրքիայի խորհրդարանի մաս կազմող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (որի անդամ է նաև Կարո Փայլանը) դեմոնացնելու ու դրա նկատմամբ թշնամանք բորբոքելու համար Անկարան կուսակցության անունը կապում է PKK-ի հետ։

Հայաստանի, հայ ժողովրդի ու Քրդական աշխատավորական կուսակցության մասին փոխկապակցվածության խոսակցությունները Թուրքիայում նորություն չեն։ Այդպիսիք եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնադրման օրվանից։ Անկարայի քարոզչամիջոցներն անգամ «հայացրել» են Աբդուլլահ Օջալանին ու նրան կնքել Արթին Հակոբյան անուն- ազգանունով։ 1992-1994թթ․ ազատամարտի տարիներին Թուրքիան ու թուրքական մամուլը հարյուրավոր անգամներ խոսել է PKK ներկայությունից՝ Արցախում։ Հարյուրավոր անգամներ խոսել է, բայց որևէ անգամ ոչինչ չի կարողացել ապացուցել։ Իսկ չի կարողացել մի պարզ պատճառով։ Նման ոչ մի փաստ չի եղել։ Հայաստանում ու Արցախում էլ, մշտապես հստակ հասկացել են Թուրքիայի նպատակը ու երբևէ առիթ չեն տվել այդ շահարկումներին, ոչ 1990-ականներին, ոչ 2016-ի ապրիլին և ոչ էլ հիմա։

Օրեր առաջ էլ, պարզից էլ պարզ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում էին ռազմական գործողությունների ակտիվացմանը և այդ ակտիվությունը արդարացնելու, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ, ինչու չէ, ռազմական ներխուժման համար հիմքեր։ PKK-ի անունը շրջանառելով Անկարան, հավանաբար, աչքի առաջ ուներ նաև 1974թ․ Կիպրոս իրականացրած ներխուժումը Հայաստանի նկատմամբ ինչ-որ մի պահի կիրառելու նկրտումները։ Այդ ծրագրի իրականացմանը, սակայն, խանգարեց համաշխարհային կոշտ արձագանքը՝ Թուրքիայի գործողություններին տարածաշրջանում, և որ ամենակարևորն է հայ զինվորի հերոսական կեցվածքը՝ ռազմաճակատում։

Երկրորդ գործոնը ավելի առարկայական է․ Բաքուն ու Անկարան չկարողացան թաքցնել Սիրիայից Թուրքիայի՝ վարձկաններից բաղկացած կրիպտոբանակի տեղափոխումն Ադրբեջան։ Դա նշանակում է, որ, ըստ էության Թուրքիան ու Ադրբեջանը, որպես պետություններ, թե դե ֆակտո, թե դե յուրե, ներքաշվել են միջազգային ջիհադիստական ահաբեկչական ցանցի մեջ (Արդարության համար, պետք է ասել, որ այդօրինակ հանցավոր մեխանիզմների մեջ նրանք մերկացվել են դեռ 1990-ականներին), ինչը վաղ թե ուշ ունենալու է շատ ծանր քաղաքական ու իրավական հետևանքներ։

Այդ իսկ պատճառով էլ «մութ սենյակում» փնտրում են Քրդական աշխատավորական կուսակցությանը, որն այնտեղ չկա։

Ա․Ա․


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]