Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առնչությամբ նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին

ՀՀ նախագահը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի  առնչությամբ նամակ է հղել 
Աբու Դաբիի թագաժառանգին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու կողմերում զոհվել և վիրավորվել են տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով և նմանօրինակ փորձ է արել հուլիսին: Դժբախտաբար, այս կանխատեսելի զարգացումը չի կանխվել կամ խոչընդոտվել միջազգային հանրության կողմից: Վերջին հարձակումը ոչ միայն զրոյացրել է խաղաղության շուրջ տարվող բանակցությունները, մեծապես վնասել խաղաղության ողջ գործընթացը, այլև մեծ սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Ես հատկապես մտահոգված եմ Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանությամբ, որն ակնհայտորեն փորձում է օգտագործել հակամարտությունը՝ սեփական նպատակներն առաջ մղելու համար»,- ասվում է նախագահի նամակում:

Արմեն Սարգսյանը դիմել է Աբու Դաբիի թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am