Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանական բլիցկրիգը ձախողվել է. դեսպան Մինասյանի հարցազրույցը DefenseRomania-ին

Ադրբեջանական բլիցկրիգը ձախողվել է. դեսպան Մինասյանի հարցազրույցը 
DefenseRomania-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել DefenseRomania-ին, որում անդրադարձնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիային:  «Արմենպրես»-ը ներկայացնում է դեսպանի հարցազրույցը, որը հրապարակվել է հետևյալ վերնագրով՝ «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բլիցկրիգը, որին աջակցում էր Թուրքիան, ձախողվեց»:


DefenseRomania: Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում ռազմա-քաղաքական իրավիճակը ս.թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների վերսկսումից հետո:

Սերգեյ Մինասյան: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը կրկին խախտելով 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) միջև կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը՝ վերսկսեց ռազմական գործողություններ՝ դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ցավոք սրտի, քաղաքացիական բնակչության շրջանում եղել են մարդկային կորուստներ, իսկ մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ վնասներ են կրել, ինչից հետո ադրբեջանական բանակը փորձել է առաջ շարժվել պաշտպանական ողջ գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի բանակի դիրքերը նվաճելու նպատակով: Այնուամենայնիվ, ռազմական տեխնիկայի նշանակալի առավելության, ինչպես նաև Թուրքիայի ռազմական հրահանգիչների աջակցության պայմաններում ադրբեջանական բանակը կարողացել է հաջողություն գրանցել միայն Լեռնային Ղարաբաղի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող որոշ կետերում` կրելով մարդկային զոհեր և տեխնիկայի կորուստներ: Չնայած այս ամենին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին հաջողվել է վերադարձնել այդ հենակետերի զգալի մասը. ներկայումս շարունակվում են պաշտպանական մարտերը՝ հակազդելու հրետանու և ավիացիայի՝ այդ թվում և Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ԱԹՍ-ների, աննախադեպ կիրառմամբ հարձակումներին: Այս առումով կարող ենք վստահաբար նշել, որ ադրբեջանական բլիցկրիգը ձախողվել է:

Հատկանշական է նաև, որ հենց սկզբից միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է հրադադարի համաձայնագրերի խախտումը՝ կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս կապակցությամբ ակտիվ կոչեր են հնչել նաև ԵՄ ղեկավարության, ՆԱՏՕ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵՄ երկրների մեծ մասի, այդ թվում և Ռումինիայի կողմից: Նշենք նաև, որ Ադրբեջանին ակտիվորեն սատարող միակ երկիրը Թուրքիան է, ինչով էլ պայմանավորված են առանցքային դերակատարների արձագանքները, որոնք կոչ են անում խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ արտաքին ուժերի ներգրավումից:

DefenseRomania: Ներկա փուլում որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվման ցուցիչները:

Սերգեյ Մինասյան: Ինչպես արդեն տեսանք ս.թ. հուլիսյան էսկալացիայի ժամանակ, որը տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, Թուրքիան աննախադեպ և գրեթե անմիջական մասնակցություն ունեցավ հակամարտության մեջ՝ աջակցելով Ադրբեջանին: Այս հանգամանքն արտահայտվեց, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ ռազմա-տեխնիկական աջակցության տրամադրմամբ և թուրք մասնագետների ներգրավմամբ: Ավելին, Թուրքիան նպաստել է իսլամական ահաբեկիչների և զինյալների ներգրավմանը, որոնք, իրականում համարվում են Թուրքիայի ներգրավվածության «այցեքարտ»-ը Մերձավոր Արևելքի բազմաթիվ հակամարտություններում, իսկ այժմ աջակցում են Ադրբեջանին:

Թուրքիան, որն ունի ավելի քան հարյուր տարվա փորձ ցեղասպանական գործողություններում, որին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերն ու այլ ժողովուրդներ, այսօր էլ փորձում է նույն քաղաքականությունն իրականացնել ընդդեմ Արցախի (Լեռնային Ղարաբաղի):

Հուսանք սակայն, որ Ադրբեջանի 1990-ականների կամ 2016-ի, ինչպես նաև այս վերջին ռազմական արկածախնդրությունները (Թուրքիայի աջակցությամբ), որը ինչը հանգեցրեց զգալի կորուստների, կստիպի Ադրբեջանի ղեկավարությանը վերադառնալ բանակցային գործընթացին՝ միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]