1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի F-16-երը բերվել էին, քանի որ Ադրբեջանի կործանիչները չէին կարող խնդիրը լուծել. Հովհաննիսյան

Թուրքիայի F-16-երը բերվել էին, քանի որ Ադրբեջանի կործանիչները չէին կարող խնդիրը 
լուծել. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը շատ լավ գիտի՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան, նաև՝ որ այդ կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել՝ ինչպես հարկն է, դրա համար Թուրքիայի F-16-երն են այնտեղ: Փաստը հերքողներին անակնկալներ են սպասվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական կործանիչների ներգրավմանը:

Հովհաննիսյանը նախ նշեց, որ դեռ օգոստոսի 13-14-ին, երբ Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժություններն ավարտվել էին, F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Այս մասով հարցը ՊՆ-ն բարձրացրել է համապատասխան մարմիններին:

Անդրադառնալով Ադրբեջանի ծիծաղելի հայտարարությանը, թե իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան: Եվ լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել՝ ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են: Լավ գիտենք, որ F-16-երի հետ վաղուց իրենք աշխատում էին զորավարժություններով: ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների՝ այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների»,-ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բոլոր նրանց, ովքեր փորձում են լուրջ չվերաբերվել հայկական կողմի պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով:

Նա շեշտեց, որ F-16-երը տարվել էին Ադրբեջան և աշխատում էին: Օրեր առաջ կատարվում էին հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ: «Բերվել էին, որովհետև ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել, այդ մակարդակը, այդ փորձը չունի, երկրորդը՝ Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ Բայրաքթար և այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն ՄԻԳ-29-ի կամ ՍՈՒ-25-ի հետ: Այսինքն՝ օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել: Եվ հետևաբար պետք էր F-16-ը, որ կարողանար այս համադրումն իրականացնել: Մենք շատ լավ հասկանում ենք, փորձ ունենք, որ F-16-ը օդում է, աշխատում է, Բայրաքթարին է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում: Բորտերով, համարներով շատ լավ գիտենք այդ ամենը, գիտենք, թե ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ: Մենք շատ լավ գիտենք, որ F-16-ը միայն կարող էր, այդ ժամանակ գտնվելով թեկուզ 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրությունից տեսնել ՍՈՒ-25-ին, որովհետև օդաչուներն այդքան փորձ ունեին, գիտեին՝ մարտավարապես ինչպես գային: Ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց այդ պահին այդ տեղում հայտնաբերել, իսկ F-16-ը կարող էր: Եվ շատ լավ գիտենք, որ իր սպառազինության մեջ եղած AIM-120, AMRAAM հրթիռները ի վիճակի են խոցել մինչև 90-100 կմ հեռավորության թիրախ, միայն իրենք են (F-16-երը-խմբ.) ի վիճակի խոցել, ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չէին այդ տեղանքում այդ պայմաններում այդ հեռավորության վրա խոցել ՍՈՒ-25-ին»,-ասաց Հովհաննիսյանը:

Հայկական կողմը պատրաստ է միջազգային փորձագետներին տրամադրել ապացույցները:  Նա չհրապարակեց թիվ, թե քանի հատ F-16 կա Ադրբեջանում, սակայն նշեց, որ դրանք զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]