1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի ԱԳ նախարարը կարևորում է ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշումը

Արցախի ԱԳ նախարարը կարևորում է ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարևորում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին հաջորդած ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մայիլյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը ոչ միայն նշեց, որ պետք է բացառել ուժի կիրառումը, այլև նշեց, որ չպետք է ռազմական գործողություններին ներգրավվեն երրորդ երկրները: ԱՄՆ Պետդեպն այս հայտարարությամբ նկատի է ունեցել Թուրքիային»,- ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ իրենց մշտական ներկայացուցչություններն արտերկրում այժմ աշխատում են արտակարգ ռեժիմով:

«Տարբեր կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում: Հայտարարություններ են արվում ի պաշտպանություն Արցախի ու դատապարտվում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Կան հայտարարություններ բոլոր մայրցամաքներից: Սպասվում է նաև, որ Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր կընդունի առաջիկայում»,- նշեց նախարարը:

Սեպտեմբերի 27-ին Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]