Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

ՀՀ ՄԻՊ-ը ծնողներին և երեխաներին հորդորում է բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը

ՀՀ ՄԻՊ-ը ծնողներին և երեխաներին հորդորում է բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ հանգամանքից ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է ծնողներին և երեխաներին սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ նշել է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:

Զանգվածային լրատվության միջոցների և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «ՏիկՏոկ» և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

Ուստի, ծնողներին և երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ