Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով կարող եք աջակցել մեր հաղթանակին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով կարող եք աջակցել մեր 
հաղթանակին. ՊԵԿ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ուղերձ է հղել, որում կոչ է արել ռազմական դրության պայմաններում թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԵԿ նախագահի ուղերձը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին: Վստահաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կանգնած են Ազատ Արցախի թիկունքին: Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց և մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու և խաղաղություն պարտադրելու համար:

Այսօր հայ ազգը միասնական է առավել քան երբևէ և ցանկացած հայ պետք է գիտակցի իր կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:

Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության և հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ և, առավել ևս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին: 

Հիշե՛ք, որ հարկային իրավախախտման ամեն մի դեպքով պետական բյուջե չի մուտքագրվում որոշակի գումարի հարկ:

Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին:

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]