Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը լավ չէր պատկերացրել, որ Հայաստանի կերտած հաղթանակների հիշողությունը չի մարել. պատգամավոր

Ադրբեջանը լավ չէր պատկերացրել, որ Հայաստանի կերտած հաղթանակների 
հիշողությունը չի մարել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, երբ Արցախի ուղղությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծում,  լավ չէր պատկերացնում, որ Հայաստանն ունի կերտած հաղթանակներ, որի հիշողությունը չի մարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Քոչարյանը նախ ընդգծեց ռազմական դրություն հայտարարելու կարևորությունը: «Մենք տեսնում ենք համահայկական մեծ մոբիլիզացիա:  Ասեմ ավելին՝ հակառակորդը, երբ այս գործողություններն անում էր, լավ չէր պատկերացնում, որ Հայաստանն ունի կերտած հաղթանակներ, որի հիշողությունը չի մարել: Իրենք մեզ ստիպեցին, որ բանակի կարողությունների ավելացման տեմպը ուժեղացվի»,-ասաց նա ու հավելեց, որ խոսքը նաև որակի մասին է, իրականություն է դարձել որակյալ մոբիլիզացիան:

Քոչարյանը նկատեց, որ սեպտեմբերի 27-ից զինկոմիսարիատներ են գնացել կամավորներ, ցուցակներով զորակոչվել են նաև որոշակի բանակային մասնագիտություն ստացածներ, որոնք ոչ միայն ծանոթ են առաջնագծին, այլ նաև՝ այսօրվա առաջնագծի պատասխանատու հրամանատարությանը: «Ունեցանք շատ արագ ձևավորված կամավոր ռեզերվ, որն այսօր արդեն գտնվում է Պաշտպանության բանակի հրամանատարության տակ»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ Զինված ուժերը մարդկային ուժի խզում չունեցավ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]