Ստեփանակերտում Աննա Հակոբյանը տեսակցել է վիրավոր զինվորներին
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինվորներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Հակոբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Սեպտեմբերի 27-ին Աննա Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելել էր Հանրապետական բժշկական կենտրոն:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում