Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Ադրբեջանական ֆաշիզմն օգտագործում է այդ երկրի ազգային փոքրամասնություններին. ՀՀ ԱԺ պատգամավորի կոչը

Ադրբեջանական ֆաշիզմն օգտագործում է այդ երկրի ազգային 
փոքրամասնություններին. ՀՀ ԱԺ պատգամավորի կոչը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կոչով դիմեց Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հորդորելով թույլ չտալ, որ ադրբեջանական ֆաշիզմն օգտագործի նրանց ու նրանց երեխաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կոչով պատգամավորը դիմեց խորհրդարանում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

Նա նախ շեշտեց, որ ելույթով դիմում է Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ավարներին, թաթերին: «Սա ձեր պատերազմը չէ»,-ասաց Աբովյանը:

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվածները հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են: «Հարց տվեք ձեզ, թե ինչի համար ալիևյան ֆաշիստական ռեժիմն առաջնագիծ է նետում հենց ձեզ՝ բնիկներին, որոնց հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ ադրբեջանական և թուրքական ֆաշիզմն օգտագործի ձեզ և ձեր երեխաների կյանքերը՝ իրենց մարդակերական քաղաքականությունն առաջ տանելու համար: Փախցրեք ձեր երեխաներին, պահեք, դուրս հանեք Ադրբեջանից: Սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները: Սա ձեր պատերազմը չէ, ձեզ ուղարկում են ոչնչացման՝ Ղարաբաղի հայկական լեռներում»,-ասաց Աբովյանն ու հավելեց՝ կապ չունի, թե ով զինված ոտքը կդնի Հայաստան կամ Արցախ, միանշանակ ոչնչացվելու է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Աննա Գրիգորյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ