1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ի՞նչ խնդրանքով է դիմել Ալիևը Փաշինյանին Դուշանբեում. ՀՀ վարչապետը փակագծեր բացեց

Ի՞նչ խնդրանքով է դիմել Ալիևը Փաշինյանին Դուշանբեում. ՀՀ վարչապետը 
փակագծեր բացեց

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացել, թե ինչ խնդրանքով է իրեն դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանի վարչապետը Դուշանբեում ժամանակ է խնդրել՝ Հայաստանում գործերը կարգավորելու համար», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դուշանբեում ոչ թե ինքն է խնդրանքով դիմել Ալիևին, այլ Ալիևն է իրեն դիմել խնդրանքով:

«Ասում են, որ ես Դուշանբեում և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել՝ Հայաստանում գործերը կարգավորելու համար:  Դուշանբեում, երբ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանը և Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ, վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրան: Եվ կարծում եմ կարելի է մի շատ կարևոր նյուանս բացել, թե իրականում ով է ում խնդրանքով դիմել Դուշանբեում: Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով: Եվ այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում, և այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով և դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ,  որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանար, մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով: Հեղափոխությունը նոր  էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավելևս՝ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը, ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Ճշտող հարցին՝ Ալիևը անձամբ է իրեն խնդրել, վարչապետը պատասխանել է. «Այո, Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ ձեռագրով մի թղթի վրա գրել, և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ եկել ենք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե ոչ: Այո, որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդ՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ: Բայց այստեղ ամբողջ կոնտեքստը ինչի՞ մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, այդ հետհեղափոխական խառը իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա: Իրականում հակառակն է, այդ ժամանակաշրջանում Ալիևը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով, նա մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի: Եվ այս փաստը, և հետագա փաստերը ի վերջո գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց, և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե ինքը իր խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցել է Իլհամ Ալիևի հետ:

«Ես վերջերս անդրադարձա տեղեկատվության անվտանգության խնդիրներին և ասացի, որ եթե որևէ տեղ նույնիսկ մի երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի: Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել: Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, և դա կատարյալ անհեթեթություն է: Ընդգծեմ, որ ևս մեկ պաշտոնյա՝ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում իմ և Ադրբեջանի նախագահի միջև, բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու, և դա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը պատասխանել է նաև դիտարկմանը, թե ինքը, կարծես թե, անուղղակի պատասխանելով այդ ամենին, ասել է՝ «Ալիևը թող չբացի պայմանավորվածությունները, որովհետև, եթե մենք բացենք…:  

«Ոչ, ես ասել եմ այսպես կոչված կոնֆիդենցիալ տեղեկատվություն: Եվ իմ կողմից խոսել եմ առանց չակերտների տեղեկատվության մասին: Այսինքն՝ դա ակնհայտ բան է: Ես այդ հրապարակումը առաջինը չէ, որ նկատի եմ ունեցել»:

ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից առաջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]