1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել զսպելու նաև Ադրբեջանի դաշնակցի նկրտումները. ԱԺ

Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել զսպելու նաև Ադրբեջանի 
դաշնակցի նկրտումները. ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: «Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հայտարարությունում՝  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ:

Հայտարարության նախագիծը, որը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ, խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության 2020 սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի, հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վտանգի չեզոքացմանը»:

Պատգամավորները հայտարարությամբ նկատել են, որ քաղաքացիական բնակչության, ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլ նաև բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում և դավանանքներում: Նրանք շեշտել են, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որը կհանգեցնի տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը, անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: «Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանան միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել՝ մարդասիրության և մարդատյացության միջև:

ՀՀ ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը»:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]