ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը. ՀԲՄ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի բանկերի միությունը:
«Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա 200-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում