Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

ԱՄՆ կոնգրեսականն իր երկրին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ կոնգրեսականն իր երկրին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Կոքսը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոքսը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած անհիմն հարձակումն արդեն մարդկային կյանքեր է խլել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը: Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք Արցախում բնակվող հայ ժողովրդի նկատմամբ և վճռականորեն դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը»,- նշել է Կոքսը:

Կոնգրեսականն իր գրառումը եզրափակել է «Ամուր Արցախ» և «Կանգնի՛ր, Ալիև» կոչերով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ