Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Արցախի հարցը ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է. Փաշինյան

Արցախի հարցը ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է միջազգային հանրության համար թարմացնել Արցախի հարցի պատմությունը, հիշեցնել, որ որ սա ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է, այլ ոչ թե հայ-ադրբեջանական տարածքային կոնֆլիկտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի գործընկերները իրազեկվե՞լ են, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ ևս հարձակումների փորձեր են եղել:

Փաշինյանը  նախ նշեց, որ տեղեկատվություններ են փոխանակում: «Արտգործնախարարը  հեռախոսազրույցներ է ունենում, ես հեռախոսազրույցներ եմ ունենում, և մեր գործընկերներին տեղեկատվություն ենք տալիս ընթացող պրոցեսների մասին: Բայց լիարժեք համաձայն եմ՝ ամբողջ ներուժը պետք է օգտագործենք ճիշտ տեղեկատվություն տալու համար, թե ինչ է կատարվում, ով է հարձակվել, ինչու է հարձակվել, ինչ գործողություններ է ձեռնարկում: Նաև պետք է Արցախի հարցի պատմությունը թարմացնենք, շատ տեղերում տեսնում ենք, որ մոռացվել է, թե այս պատմությունն ինչի համար է ընդհանրապես: Սա ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական տարածքային կոնֆիլտ, ինչը ամենամեծ վնասն է մեզ հասցնում, մենք պետք է բացատրենք, որ սա ժողովրդի ապրելու իրավունքի պայքար է, ուղղակի ապրելու իրավունքի պայքար, և խոսքը Արցախի հայության մասին է»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում օտարերկրյա պետությունների, հատկապես ԵԱՀԿ անդամ երկրների  դեսպանների հետ հանդիպումներ եղե՞լ են կամ նախատեսվո՞ւմ են, վարչապետն ասաց, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը  հենց այդ պատճառով ԱԺ-ում չէ, որովհետև շատ ակտիվ շփումներ է ունենում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ և Հայաստանում հավատարմագրված, և Հայաստանից դուրս:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ