Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության 
կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների վերաբերյալ հրապարակումները միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցող իրադարձություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Independent-ը, Los Angeles Times-ը, The Guardian-ը և այլ ԶԼՄ-ներ:

Independent-ը իր հրապարակումը վերնագրել է այսպես՝ «Հայաստանը կարգադրել է խաղաղ բնակիչներին ապաստան գտնել այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել վիճելի շրջանը»: Լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը. «Մեր պատասխանը կլինի համաչափ, և իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Independent-ն ընթերցողներին տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվել է մի կին և երեխա, թիրախավորված են դպրոցներ:

Los Angeles Times-ը մեջբերել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությունը, որ մարտերը սկսվել են կիրակի օրը ադրբեջանական գրոհով:

Հեղինակավոր BBC-ն իր ընթերցողներին ևս հաղորդել է ռազմական գործողությունների մասին, տեղեկացրել, որ հայկական կողմից սպանվել է մեկ կին և երեխա: Լրատվամիջոցը մեջբերել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը»: BBC-ն նկատել է, որ ՀՀ վարչապետն ավելի վաղ մեղադրել էր Ադրբեջանին նախապես ծրագրված ագրեսիայի մեջ:

The Guardian-ը միջազգային հանրությունը տեղյակ է պահել, որ Հայաստանում ռազմական դրություն է մտցվել՝ Ադրբեջանի հետ բախումներից հետո: Լրատվամիջոցը լուսանկար է հրապարակել նաև Երևանում կամավորական հավաքից՝ նշելով, որ մարդիկ մասնակցում են կամավորների հավաքագրմանը երկրում ռազմական դրություն մտցնելուց հետո:

Իրադարձություններին անդրադարձել են նաև Web 24 News-ը, Afganistannews-ը՝ ներկայացնելով Ստեփանակերտում Ադրբեջանի գնդակոծություններից հետո կադրեր:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ