Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ՄԻՊ-ն Ադրբեջանի հարձակումների առնչությամբ դիմել է ոլորտային միջազգային կազմակերպություններին

ՄԻՊ-ն Ադրբեջանի հարձակումների առնչությամբ դիմել է ոլորտային միջազգային 
կազմակերպություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի գրություններում շեշտվել է, որ դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս հարցերում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության իր մանդատը և հիմնվելով կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ