Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԺՄ-ն լրատվամիջոցներին կոչ է անում գործել պետության անվտանգության գերակայության պահպանմամբ

ՀԺՄ-ն  լրատվամիջոցներին կոչ է անում գործել պետության անվտանգության 
գերակայության պահպանմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել լրատվամիջոցներին ուղղված կոչով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը.

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային և հրթիռային հարվածներ  են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Դժբախտաբար, արդեն իսկ կան զոհեր և վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Ինչպես միշտ, Ադրբեջանն իր ագրեսիվ ռազմական գործողություններին զուգահեռ նույն ագրեսիվությամբ պատերազմ է մղում նաև տեղեկատվական դաշտում՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները։ Այս պայմաններում չափազանց կարևոր է մեր լրատվամիջոցների զգոնությունն ու զգուշավորությունը՝ որևէ պարագայում չտրվել կասկածելի, չստուգված տեղեկություններ տարածելու գայթակղությանը և հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։

Դա կարևոր է՝ ինչպես մեր տեղեկատվության անվտանգության ապահովման, այնպես էլ այս պահին հատկապես զինծառայող որդիներ ունեցող ընտանիքներին խուճապային տրամադրություններից ու սթրեսային իրավիճակներից զերծ պահելու առումով։

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և ուղղվածությունից, գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքների անվերապահ պահպանմամբ։

Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարևոր է հաղթել նաև տեղեկատվական ճակատում, որովհետև դա հնարավորություն է տալու հետագայում ռազմական հաղթանակներն ամրագրել նաև դիվանագիտական ասպարեզում։

Կոչ ենք անում պատվով կատարել մեզ բաժին հասած այս պատերազմում մեր առաքելությունը և պրոֆեսիոնալ կատարել  մեր զինված  ուժերի թիկունքային ապահովվածության առաքելությունը։

Կոչ ենք անում շփման գոտում աշխատող մեր բոլոր գործընկերներին՝ ցուցաբերել առավելագույն զգուշություն և իրենց բոլոր գործողություններն անպայմանորեն համաձայնեցնել Արցախի պատկան կառույցների մամուլի ծառայությունների հետ։

Պատերազմական պայմաններում, որպես կանոն, ակտիվանում են նաև հայկական կայքերի դեմ ուղղված հաքերային հարձակումները, ուստի մեր բոլոր լրատվական կայքերի խմբագիրներին ու համակարգողներին կոչ ենք անում խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ և ապահովել կայքերի հավելյալ անվտանգություն»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]