Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Տոնոյանը՝ հակառակորդի ծավալած գործողությունների մասին

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Տոնոյանը՝ հակառակորդի ծավալած 
գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուղերձ է հղել, որում նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը, պատրաստ են ցուցաբերել ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

«Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն»,- իր ուղերձում նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար, իսկ պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Տոնոյանն ընդգծել է, որ հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:

«Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ, միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»,- նշել է Տոնոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]