Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է այս երկրի շահերից

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է 
այս երկրի շահերից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաեւ մեր տարածաշրջանում։ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։

Ալիեւը հերթական անգամ խոսել էր նաեւ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիեւի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։
«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, եւ հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը եւ դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են լուծել տարածաշրջանային հարցերը՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Դա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ Իրանի համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան միակ երկիրն էր, որը տավուշյան դեպքերի ժամանակ սատարեց եւ քաջալերեց ադրբեջանական ագրեսիան։

Եթե կարճաժամկետ առումով Ադրբեջանում շատերը ոգեւորված են այս մերձեցմամբ եւ օժանդակող հայտարարություններով, ապա երկարաժամկետ առումով Ադրբեջանն իրապես բախվելու է բազմաթիվ խնդիրների, որովհետեւ դառնալու է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերին։ Արդյունքում ինչ-որ պահից հարկադրված է լինելու հանդես գալ Թուրքիային օժանդակող հայտարարություններով, որոնք միշտ չէ, որ բխելու են Ադրբեջանի շահերից։

Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նոր չէ, այդ երկիրն իր դիրքորոշումը ցույց է տվել նաեւ Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ 1993 թվականից փակեց ցամաքային սահմանը։ Այդ համատեքստում պատգամավորը նորություն չի համարում Թուրքիայի հակահայ քաղաքականությունը։ Միեւնույն ժամանակ Թուրքիան այդ նույն գործելաոճը ցուցաբերում է տարբեր տարածաշրջաններում՝ սկսած Մերձավոր Արեւելքից մինչեւ Արեւելյան միջերկրածովյան։
«Թուրքիայի թշնամական վերաբերմունքին արդեն անդրադարձել են ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը եւ շեշտել, որ մենք մեր անվտանգությունը կառուցում ենք՝ հաշվի առնելով Թուրքիայի վտանգի գործոնը։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ երկիրը չի գնա նման արկածախնդրության՝ ներքաշվելով ուղղակի ռազմական գործողությունների մեջ։ Դա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական հետեւանքների կարող է հանգեցնել»,- ասաց Տ. Հայրապետյանը։

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր շնորհավորական ուղերձում նշել էր, որ իրենք կշարունակեն նպաստել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ միաժամանակ հորդորել էր կողմերին «հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Պատգամավորը նկատեց, որ հայկական կողմը մշտապես հանդես է եկել բանակցային գործընթացի շարունակականության եւ արդյունավետության ապահովման ու բարձրացման դիրքերից. «Մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեզ համար շատ կարեւոր է մթնոլորտի առողջացումը՝ առարկայական քննարկում սկսելու համար, որովհետեւ եթե բանակցային սեղանի շուրջ չկա փոխվստահություն, ապա ցանկացած քննարկում իմաստազրկվում է։ Ուստի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը խիստ կարեւոր է»։

Ներկայումս ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հայտարարություններով եւ գործողություններով ավելի է հեռանում մթնոլորտի առողջացմանն ուղղված քայլերից, հասարակությանը խաղաղության նախապատրաստելուց. ընդհակառակը՝ ավելի է կոշտացրել հռետորաբանությունը, եւ ագրեսիվ հայտարարությունների պակաս չկա։

Պատգամավորի գնահատմամբ՝ նորություն չէ, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ խնդրի խաղաղ կարգավորմամբ, սակայն այս պահին լուծում է նաեւ մեկ այլ խնդիր, այն է՝ հստակ քարոզչական շղարշ է ապահովում սեփական հանրության աչքերում։ «Հատկապես տավուշյան ձախողումից հետո Ալիեւը ցանկանում է ցույց տալ, որ չի հրաժարվել իր նպատակներից։ Դրա համար վերջին շրջանում Ադրբեջանի քարոզչական լրատվադաշտում ակտիվ քննարկվում է, որ պատրաստվում են պատերազմի։ Ինչ խոսք, Ալիեւի հայտարարությունները պատահական չեն, եւ պետք չէ դրանք անտեսել։ Բնականաբար, մենք այդ ամենը հաշվի ենք առնում, եւ հենց այդ տեսանկյունից են այն բոլոր բարեփոխումները, որ տեղի են ունենում հայկական բանակը հզորացնելու նպատակով»,- հավելեց զրուցակիցս։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]