Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Արևիկ Պետրոսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցեր է ուղղելու ՍԴ նախագահի թեկնածուին

Արևիկ Պետրոսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցեր է 
ուղղելու ՍԴ նախագահի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը հարցեր է նախապատրաստել՝  ուղղված ՍԴ նախագահի միակ թեկնածու Երվանդ Խուդկարյանին։

 «Քննարկումներին, անշուշտ, մասնակցելու եմ, պատրաստել եմ արդեն հարցեր, հարցեր են տրվելու թեկնածուին, կլսեմ պատասխաններ, ելույթ եմ ունենալու, կլսեմ նաև թեկնածուի եզրափակիչ ելույթը, ամփոփումներ կկատարեմ ինքս իմ մեջ և իմ ընտրությունը կիրականացնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային փակ նիստից առաջ ասաց Պետրոսյանը։

Հարցին, թե որոնք են իրեն ամենաշատ հուզող հարցերը, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ իր հարցադրումները կապված են լինելու սահմանադրաիրավական փոփոխությունների, ՍԴ մասին օրենքի լուծումների, որպես Սահմանադրական դատարանի նախագահ բնականոն գործունեությունը ապահովելու իր տեսլականի, առաջիկա զարգացումների հետ. «Իր առաքելությունն ինչպես է տեսնում, խնդիրների լուծումն ինչպես է տեսնում, ճգնաժամային իրավիճակներում լուծումներն ինչպես է տեսնում, պատրաստակամությունն ինչպիսին է։ Հարցեր, որոնք անհրաժեշտ են արդյունավետ, օբյեկտիվ աշխատանք իրականացնելու համար»,- հավելեց Արևիկ Պետրոսյանը։

Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային փակ նիստը, որում քննարկվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ