Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նորակերտում ավարտվել են մանկապարտեզի տանիքի եւ ջրատար ներքին ցանցի շինարարական աշխատանքները

Նորակերտում ավարտվել  են մանկապարտեզի տանիքի եւ ջրատար ներքին ցանցի 
շինարարական աշխատանքները

ԳԱՎԱՌ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում արդեն ավարտվել են մանկապարտեզի տանիքի եւ խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 234 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 7 միլիոն 163 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 72 հազար  դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը:  Շինարարական աշխատանքները մեկնարկել են  այս տարվա հունիսից եւ ավարտվել սեպտեմբերի 15-ի դրությամբ: Նորակերտ համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը: հիմնանորոգվել է  2650 մետր երկարության ջրատար, որով եւ ամբողջացել է նախորդ տարում  սկսված ծրագիրը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսից եւ ավարտվել օգոստոսի վերջերին: Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը խոսել է իրականացված երկու ծրագրերի նշանակության մասին:

 «Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի մի քանի փուլով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը եւ նրա դռները բացել մեր համայնքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը մինչեւ 2000 թվականը գործել է 3 խմբով: Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը նորոգվեց այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում էր երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված էր:Այս ծրագիրն էլ ուղղված էր այդ խնդրի կարգավորմանը: 1400 մետր երկարությամբ հիմնանորոգվել է արտաքին ցանցից սնվող եւ դեպի օրվա կարգավորիչ ջրամբար գնացող մղման գիծը, եւս 1250 մետր էլ՝ ջրամբարից թաղամասին սնող գիծը:Այն հատվածներում, որտեղ նախկինում հիմնանորոգել ենք ներքին ցանցը, արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը: Վերին թաղամասի տնտեսություններում ջրամատակարարումը այս ծրագրով կբարելավվի, սակայն այստեղ շուրջօրյա ջրամատակարարման հասնելու համար հարկավոր է Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում իրականացնել վերակառուցման եւ ջրաքանակի ավելացման աշխատանքներ, ինչը ծրագրել ենք կատարել եկող տարվա ընթացքում, սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]