Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները ժամանակավոր կզարդարեն ՀՀ 
նախագահի նստավայրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնութերորդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները ժամանակավոր կզարդարեն Հայաստանի Հանրապետության նախագահի  նստավայրը: Բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված չորս կտավում նկարիչները  յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց` հավաքածուն Հայաստան է բերվել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի աջակցությամբ, որը ոչ միայն հարգված  իրավաբան, հոյակապ դասախոս, գիտնական, այլև մեծ արվեստասեր է:

«Այս ցուցահանդեսն իրականում երկկողմանի է: Ըստ համաձայնության` մենք մեր կողմից ցուցահանդես ենք կազմակերպելու Իտալիայի նախագահի նստավայրում: Հուսանք` ցուցահանդեսը կբացվի այս տարի, երբ ըստ պայմանավորվածության ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մինչև մեկ տասնյակ կտավ, գործեր որոնք ներկայացնում են մեր մեծագույն վարպետներին: Մենք չենք կարող ցուցադրություն իրականացնել Իտալիայում և մեզ հետ չվերցնել Այվազովսկու կտավներից որևէ մեկը, Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի և այլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ նախատեսում են ներկայացնել կտավներ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահից, այլև անձնական հավաքածուներից:

Վերադառնալով  իտալական ցուցահանդեսին` ՀՀ նախագահը շեշտեց, որ ցուցադրված է միջազգային նշանակություն ունեցող գեղանկարչություն: «Կտավները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է:  Այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով: Վենետիկը մեզ մոտ ոչ միայն Մխիթարյան միաբանության համար. հայ առևտրականները Վենետիկի հետ կապված են եղել դարեր: Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ: Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն: Հետևաբար` ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ այս օրը ջերմացնում է բոլորիս և մեկ անգամ ևս ցույց է տալիս երկու ժողովուրդների միջև և’ պատմական, և’ այսօրվա խորը, սերտ բարեկամական հարաբերությունները:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

ՀՀ նախագահը բարձր գնահատեց նաև ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի  դերը ցուցադրության կազմակերպման հարցում` նշելով, որ դեսպանը հոյակապ ներկայացնում է Իտալիայի Հանրապետությունը Հայաստանում: «Եթե ինչ-որ տեղ Վենետիկը հայկական քաղաք է, ապա Իտալիայի Հանրապետության դեսպանն էլ ինչ-որ տեղ հայկական դեսպան է, քանի որ այն ջերմությունն ու նվիրումը, որ դուք ցույց եք տալիս առ Հայաստան շատ բարձր գնահատականի է արժանի»,-եզրափակեց ՀՀ նախագահը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ հայ իտալական-հարաբերություններում մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մշակույթին և միշտ հայկական իշխանությունների, հատկապես ՀՀ նախագահի կողմից մեծ պատրաստակամություն է տեսնում:

Խոսելով ցուցադրությունում ներկայացված կտավների մասին` նա ասաց, որ դրանք պատահական չեն ընտրվել: «Չորս գործն էլ 18-րդ դարի են, պատկերում են Սան Մարկո հրապարակը և պատահական ընտրված  չէ ժամանակաշրջանը, քանի որ այն շատ կարևոր էր հայ-իտալական հարաբերությունների համար: Հենց այդ դարաշրջանում հայր Մխիթարը հաստատվել է  Վենետիկի Սուրբ Ղազար կղզում»,-ընդգծեց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ չորս ստեղծագործություններն էլ, չորս նկարիչներն էլ իրենց պատմություններով շատ մոտ են. բոլորն էլ եվրոպական պատմության կրողներ են, պատմություն, որը տարածվում է Իտալիայում, մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում: «Այդպիսով ճիշտ համարեցինք հենց նման ցուցահանդես կազմակերպել, քանի որ այս տարի Հայաստանում Եվրոպական միության մշակութային կազմակերպությունների ցանցի հերթական նախագահությունը ստանձնում է Իտալիան, ու այս ցուցադրությամբ տալիս ենք միջոցառումների մեկնարկը»,-շեշտեց Վինչենցո Դել Մոնակոն:

Իտալական արվեստի  բացառիկ նմուշները բերվել են «Պաոլո-Կարոլինա Զանի» հիմնադրամի տուն-թանգարանից: Ցուցադրությունը կազմակերպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ