Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Նախարարությունը «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի ոսկու հանքավայրի նյութերն ուղարկել է դատախազություն

Նախարարությունը «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի ոսկու հանքավայրի նյութերն ուղարկել է 
դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  տրամադրած տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննական եզրակացության, խախտվել են սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի՝ 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, որի փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ներկայացվել փորձաքննության:

Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել են լրակազմման։  
Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

Այսպիսով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. այն է՝ ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը և օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ