Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ

Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Գնդեվազում ծեծկռտուքի հանգամանքները, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40 մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է:

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց առավելությունն ընդգծելու նպատակով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: Այս հարցի շուրջ պարզաբանումների համար էլ սեպտեմբերի 15-ին, ժամը 22-ին, կողմերը հավաքվել են Գնդեվազ գյուղի բնակելի տների մոտ` «Խաչերի գլուխ» կոչվող վայրում: Կողմերից մեկական հոգի առանձնացել են, սակայն համաձայնության չգալով` սկսել են իրար հայհոյել ու հարվածել: Կռվին միջամտել են մյուսները, և անտեսելով, որ գտնվում են տների մոտ, բնակիչների ներկայությամբ մոտ 40 րոպե միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, իրար հարվածել ձեռքերով, ոտքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Զանգվածային վիճաբանության ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, տեսնելով մոտեցող մի մեքենա, քարով կոտրել է դիմապակին: Նրա օրինակին հետևել են նաև բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, նաև քաշել-պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր ու քարեր:
Խուլիգանության փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Հորդորում ենք նմանատիպ ակցիաների մասնակից բոլոր կողմերին` գործել բացառապես օրինականության սահմաններում, հարգել այլոց իրավունքն ու ոչ մի պարագայում չխախտել հասարակական կարգը, այլապես իրավապահների միջամտությունը չի ուշանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]