Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում կլուսավորվի շուրջ 100 անցում. Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզված մուտքը կապամոնտաժվի

Երևանում կլուսավորվի շուրջ 100 անցում. Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզված 
մուտքը կապամոնտաժվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ընթացքում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է տեղադրել 674 LED լուսատու: Ընթացիկ տարում, ի դեպ, արդեն իսկ ամբողջությամբ էներգախնայող՝ LED լուսատուներով են լուսավորվել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:
Արդիականացվում է նաև գեղարվեստական լուսավորությամբ լուսավորվող երևանյան արձանների լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:

 «Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել ստուգայցերն ու հետևողական աշխատանք տանել շինհրապարակները կազմակերպելու և սանիտարական նորմերն ապահովելու համար: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: Այս առումով ակնկալվում է Ճանապարհային ոստիկանության հետևողական աշխատանքը՝ իրավախախտումներն արձանագրելու և դեպքերը կանխելու համար:

Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքները վերացնելու նպատակով մոտ օրերին կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Զեկուցվել է, որ նախատեսվում է 5-րդ մուտքի ապամոնտաժումը, հենապատի կառուցումը և շենքի տանիքի ամբողջական վերանորոգումը: ՀՀ կառավարության որոշմամբ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի: Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենքի շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո: Դա նաև արդյունավետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն է տալիս: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը Ազգային ժողովի հետ՝ օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Չսահմանված վայրերում աղբ թափելու խնդիրն առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է հետևողական հսկողություն իրականացնել՝ օգտագործելով նաև վարչական լծակները:

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծի մրցույթի մշակման աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետին զեկուցվել է, որ առաջիկայում նախագծման մրցույթից հետո կմեկնարկի շինարարական աշխատանքների նախապատրաստման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]