Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են հարկադիր կատարումն ապահովող 
ծառայության մի շարք աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է  աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, օրվա խորհրդի համատեքստում շնորհավորելով նախարարին և ծառայության աշխատակիցներին, իր ողջույնի խոսքում ասել է․ «Ազատ, անկախ 3-րդ Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն և մարդակենտրոն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով։ Այս խրախուսանքները ձևական բնույթ չեն կրում։ Այն ձեր անցած ուղու ապացույցն է։ Ցանկությունս է, որ ձեռք բերածի վրա կանգ չառնեք, այլ ամբողջ ներուժով գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։

Նախարար Բադասյանը ևս շնորհավորել է ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ և ընդգծել, որ այն լավ առիթ է վերարժևորելու մեր ծառայությունը հայրենիքին: «Առաջին հերթին մենք պետք է հավատանք մեր աշխատանքին։ Օրինակ՝ ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ինձ հետ միասին  հավատում են նաև իմ տեղակալներն ու պարոն Մեղրյանը: Ես ուզում եմ, որ Ծառայության  ղեկավար անձնակազմն ու բոլոր աշխատակիցները ևս հավատան այս գաղափարին, հավատան, որ մենք ունենալու ենք բոլորովին այլ սոցիալական երաշխիքներ, արժանապատիվ աշխատավարձ, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրան հասնելու համար պետք է հավատանք մեր անելիքներին։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ժամանակին Ծառայության հիմքում դրվել է ոչ լավ պրակտիկա, որը Ծառայությանը հեռացրել է քաղաքացիներից։ «Մենք հաճախ քաղաքացիներին չենք ընկալում որպես գործընկեր, անձ, որին հաշվետու ենք, հաշվետու մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին։ Քաղաքացու հետ կոպիտ խոսակցությունը, նրա դարդ ու ցավի նկատմամբ անտարբերությունը մեր համար, բնականաբար,  ընդունելի չեն։ Դրա համար խնդրում եմ այստեղ գտնվող  ղեկավար անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ շատ են նաև օբյեկտիվ խնդիրները, որոնք Ծառայությունից կախված չեն, բայց պետք է համատեղ ուժերով համակարգային լուծում ստանան։

Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակի կապակցությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների։

Միջոցառման ավարտին  տեղի է ունեցել Ծառայության մարզային տարբեր բաժինների հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 8 անձի երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։ 

Սերգեյ Մեղրյանը նոր աշխատակիցներին մաղթել է անփորձանք ծառայություն և մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել բարեխիղճ և պատասխանատու։ Նախարար Ռուստամ Բադասյանն էլ հույս է հայտնել, որ կիրականացնեն երդման ոգուն արժանի ծառայություն։

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ