Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը

Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի 
շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն նախագահ, սիրելի բարեկամ,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ֆրանսիացի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները:

Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար: Այս առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը մենք պարտավոր են զարգացնել: Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր երկրների առջեւ:

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու Հայաստանին փոփոխությունների այն խիզախ գործում, որ ձեռնարկել է Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր: Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ ներդնելու երկարատև կոնկրետ ծրագրեր առողջապահության ոլորտում և կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարում: Առավել քան երբևէ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր դերակատարները պատրաստ են աջակցել բարեփոխումներին եւ մասնակցել տնտեսական վերելքին: Հակառակ COVID-19 համավարակի հարկադրանքին, ես գոհունակություն եմ հայտնում համալսարանական, կրթական եւ մշակույթի ոլորտներում մեր համագործակցության վերջին ձեռքբերումների կապակցությամբ:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջեւ բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորման հույսով:

Խնդրում եմ՝ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]