1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատ լեռից մինչև Օլիմպիական խաղերի չեմպիոններ. Հայաստանի անկախության առաջին նամականիշերը

Արարատ լեռից մինչև Օլիմպիական խաղերի չեմպիոններ. Հայաստանի անկախության 
առաջին նամականիշերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհասփյուռ հայությունը սեպտեմբերի 21-ին նշում է Հայաստանի անկախության տոնը: 29 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո»- ասաց Հայաստանի անկախությանը: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը: Հայաստանի անկախության թեման առաջին իսկ օրերից արտացոլվեց բազմաթիվ նախաձեռնություններում ու ստեղծագործություններում: Հայաստանի անկախության թեմատիկայով 1992 թվականին թողարկվեց անկախ Հայաստանի առաջին նամականիշը: Երբ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Հայաստանը չուներ իր նամականիշը: Այդ ժամանակ շրջանառության մեջ դրվեցին փոստային պահեստներում մնացած և գործածությունից դուրս մնացած ցարական Ռուսաստանի նամականիշերը: Եվ որպեսզի այդ նամականիշերը որոշ չափով դառնային հայկական, որոշվեց ցարական նամականիշերի վրա թանաքով գրել Հ տառը՝ Հայաստանի սկզբնատառը: Տասնամյակներ անց, արդեն  1992 թվականին Հայաստանի երրորդ Հանրապետությունն ունեցավ իր առաջին նամականիշը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիլատելիայի վարչության ղեկավար Շուշան Ալեքսանյանը նշեց, որ  նախապես հայտարարվել էր նամականիշի պատրաստման մրցույթ, որին մասնակցեցին մոտ 100 հոգի՝ ներկայացնելով 400-ից ավելի աշխատանքներ:

«Բավական խիստ մրցակցություն է եղել: Թեման նախապես նշվել էր, Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումը: Պետք է պատկերված լիներ հայոց եռագույնը և Արարատ լեռը: Մրցույթում հաղթել է նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանի աշխատանքը: Երեք շղթայված նամականիշերը պատկերում էին Արարատ լեռը և եռագույնը: Նամականիշերը տպագրվել են ընդհանուր 300 հազար տպաքանակով Միացյալ Թագավորության House of Questа տպագրատանը: Ի դեպ, այն ժամանակվա համար այս թվաքանակը մեծ պահանջարկի մասին էր խոսում»,- նշեց Շուշան Ալեքսանյանը:

Նամականիշ թողարկելու գաղափարը մրցույթ հայտարարելուց դեռ ամիսներ առաջ էր խմորվում: Նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի մրցույթի գլխավոր մրցանակը ստացած Հարություն Սամուելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում, վերհիշելով այդ ժամանակները, նշեց, որ, թերևս, այդ նամականիշի կնքահորը կարելի է համարել հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանին:

«Այս պատմությունը սկսվեց նամականիշը շրջանառության մեջ դնելուց մոտ 9 ամիս առաջ: Մենք նստած էին Երևանի այգիներից մեկում, տարբեր թեմաների շուրջ էինք զրուցում: Նա վստահ էր, որ մեր պետությունը պետք է ունենա իր նամականիշը: Շատերը չէին հավատում, սակայն Սամվելի ջանքերի, համառության շնորհիվ եկավ ժամանակը, երբ պետական հանձնաժողով ստեղծվեց մրցույթ հայտարարելու համար»,-ասաց Հարություն Սամուելյանը:

Հանձնաժողովում սկզբում ներգրավված է եղել Հարություն Սամուելյանը, սակայն նա դուրս եկավ, այդ մրցույթին մասնակցելու համար: Թեման հստակ էր, հանձնաժողովի կողմից պահանջները ձևակերպված էին, ժամանակը՝ քիչ: Մոտավոր մեկ ամսվա ընթացքում աշխատանքները պետք է ներկայացվեին:

«Ես աշխատում էի 9-րդ հարկում գտնվող իմ բնակարանում, որի պատուհաններից տեսանելի էր Արարատը: Ցուրտ ձմեռ էր, լույս չկար, օր ու գիշեր աշխատել եմ, որովհետև պետք էր ժամկետի մեջ հասցնել: Հաճախ մոմի լույսի ներքո աշխատեցի, նույնիսկ մատերս ցրտահարվեցին, սակայն ամեն ինչ հասցրեցի»,-նշեց Հարություն Սամուելյանը:

Վերջնական աշխատանքները ստանալուց հետո հանձնաժողովը, որոշ վեճերից ու քննարկումներից հետո, եկավ համաձայնության, որ հաղթող ճանաչվի Հարություն Սամուելյանի աշխատանքը:

«Իհարկե, ուրախանալու պահ էր, հպարտանալու, պարծենալու առիթ էր: Դրանից հետո շատ նամականիշերի հեղինակ եմ եղել, սակայն շատերի համար այն մնում է լավագույնը: Ես, իհարկե, չէի ցանկանա որոշ թերությունների մասին խոսել, սակայն, եթե հիմա լիներ, ապա ավելի լավը կանեի»,-պատմեց Հարություն Սամուելյանը:

1992 թվականին նույն թեմային նվիրված թողարկվել է նաև գեղաթերթիկ, որը պատկերում է Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, արծիվ և Արարատ լեռը: Հեղինակը կրկին Հարություն Սամուելյանն էր: Անկախ Հայաստանի առաջին նամականիշերի շարքում է 1992 թվականին թողարկված 25-րդ ամառային օլիմպիական խաղերին նվիրված չորս շղթայված նամականիշերը՝ կռփամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, մարմնամարզություն թեմաներով: Ներկայացված սպորտաձևերում հայ մարզիկները տարբեր ժամանակներում դարձել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ: 1992 թվականին շրջանառության մեջ է դրվել նաև առաջին նույնատիպ թողարկումը, որը բաղկացած էր 4 նամականիշից՝ ՀՀ պետական դրոշը, Անահիտ Աստվածուհին, Համաշխարհային փոստային միության շենքի առջև գտնվող խմբաքանդակը և Զվարթնոց օդանավակայանը: Ի դեպ, Հայաստանը հենց 1992-ին է դարձել  Համաշխարհային փոստային միության անդամ:

«Փոստային շրջանառությունը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր պետության համար, և այս առումով մեծ է նամականիշերի դերը: Անկախության թեման միշտ կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ֆիլատելիայում, թողարկումներ են նվիրվել ՀՀ անկախության տասնամյակին, տասնհինգամյակին, քսանամյակին և քսանհինգամյակին: Այս  նամականիշերի վրա կարելի է տեսնել ՀՀ պետական խորհրդանիշերը՝ ՀՀ դրոշը, զինանշանը»,-ասաց Շուշան Ալեքսանյանը:

2010 թվականին ևս թողարկվեց երկու նամականիշ՝ նվիրված «Անկախության օր» թեմային 50 հազար տպաքանակով՝ Արգենտինայի «Լետրա Վիվա» տպագրատանը: Այս նամականիշի հեղինակը կրկին Հարություն Սամուելյանն է:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]