Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Արցախի շրջաններում կգործի մինչև 10 «Թումո». ԱՀ նախագահը հանդիպել է «Թումո»-ի տնօրենին

Արցախի շրջաններում կգործի մինչև 10 «Թումո». ԱՀ նախագահը հանդիպել է «Թումո»-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ հանդիպմանը պայնավորվածություն է ձեռք բերել «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, ԱՀ շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» տեղադրելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար:

Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:

Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում:

Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»,- նշել է Արցախի նախագահը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ