Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Բավական ճիշտ ու գրագետ հաշվարկված. Արաբագետների անդրադարձը ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցին

Բավական ճիշտ ու գրագետ հաշվարկված. Արաբագետների անդրադարձը ՀՀ ԱԳ 
նախարարի Եգիպտոս այցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, ձևավորվել է մի իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր Հայաստանի ու արաբական բազմաթիվ երկրների, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի միջև: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արաբագետը նշեց, որ Թուրքիայից եկող քաղաքական սպառնալիքներին արձագանքելու նպաստավոր հնարավորություններ են ստեղծվում: Դրանից բացի, այս նույն բարենպաստ միջավայրը, որը անվտանգային գործոնով պայմանավորված նպաստում է նշված բոլոր դերակատարների մերձեցմանը, զուգահեռաբար ստեղծում է ՀՀ-ի համար հնարավորություններ` ավելի սերտացնելու հարաբերությունները գործընկեր երկրնների հետ:  

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Եգիպտոս, ընդհանրապես Եգիպտոսի ընտրությունը, որպես մերձավորարևելյան տարածաշրջանում նոր ռազմավարության իրացման մեկնակետ, չափազանց կարևոր էր: Պատմականորեն Եգիպտոսը եղել է այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման ծանրաքաշը: Վերջին զարգացումներում էլ տեսնում ենք, որ Եգիպտոսը փորձում է վերագտնել իր դերը, որը զգալիորեն նվազել էր: Զոհրաբ Մնացականյանի այցը, տեղի ունեցած հանդիպումները, հնչած հայտարարությունները  բակավան ճիշտ ու գրագետ հաշվարկված քաղաքական ուղերձներ են պարունակում: Եվ այս ուղղությամբ Հայաստանի հետևողական քաղաքականությունն անշուշտ տալու է դրական արդյունքներ, մանավանդ, որ այս գործընթացները դեռ շարունակվելու են: Թուրքիայի դեմ արաբական աշխարհի տրամադրվածությունը խորքային հիմքեր ունի և տևական ընթացք է ունենալու»,-ասաց Արմեն Պետրոսյանը: 

Արաբագետ Արաքս Փաշայանն էլ ընդգծեց այն, որ արաբական երկրների հետ Հայաստանը կարող է զարգացնել բազմակողմ հարաբերություններ ամենատարբեր ոլորտներում և բացի  այդ Եգիպտոսի համար Հայաստանը որոշակի կշիռ ունեցող է, որպես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետություն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից: Նրա խոսքով, Հայաստանի և Եգիպտոսի հետ հարաբերությունները կարող են զարգանալ ռազմատեխնիկական ոլորտում, գիտակրթական, զբոսաշրջության, առողջապահության, դեղագործության, բարձր տեխնոլոգիաների և այլն: 

«Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի իր քաղաքականությունը: Մերձավորարևելյան նոր ռազմավարությունը, որի մասին խոսեց  ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, միտված է վերաձևակերպելու Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում,  ստեղծելու միասնական հարթակներ այն գործընկեր պետությունների հետ, որոնց հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և հետաքրքրություններ»,-ասաց նա: Արաքս Փաշայանն ընդգծեց, որ այդ ռազմավարությունը հնարավոր չէ իրականացնել միայն ԱԳՆ-ի միջոցով: Դրա համար անհրաժեշտ են համազգային և համապեական ջանքեր, որպեսզի Հայաստանը բարելավի իր դիրքերը տարածաշրջանում, մանևրելու հնարավորություններ ձեռքբերի, ձևավորի խաղաքարտեր՝ առաջ տանելու իր քաղաքականությունը ՝ չեզոքացնելով բոլոր մարտահրավերները, որոնք այսօր կան և ուղղված են Հայաստանի ազգային անվտանգային համակարգի դեմ: 

«Ի վերջո պետք է նշել, որ Ադրբեջանը նույնպես ակտիվ քաղաքականություն ունի իսլամական միջավայրում և Հայաստանի ջանքերը պետք է միտված լինեն չեզոքացնելու հակահայկականության հետևանքները: Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Այսուհետ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Մերձավոր Արևելքին»,-ասաց նա: 

Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության մի որոշակի բաղադրիչ ակնհայտորեն հետապնդում է նաև հակահայկական հարցեր: Թուրքիայի կողմից  հայկական հետքը պատմական հայրենիքին ամենամոտ գտնվող տարածաշրջանում իսպառ ջնջելուն միտված քայլեր են իրականացվում: Սա երկարաժամկետ քաղաքականություն է, որի առանձին դրսևորումներին ականատես ենք լինում մինչև այսօր: Ըստ նրա՝ այս առումով Հայաստանի Հանարապետության կողմից անհրաժեշտ է ռազմակավարական մոտեցում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ