Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Թուրքիան արաբական աշխարհում դիտարկվում է որպես սպառնալիք. արաբագետների անդրադարձը

Թուրքիան արաբական աշխարհում դիտարկվում է որպես սպառնալիք. արաբագետների 
անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շահագրգիռ արձագանքների ստուգում, ապա մարտավարական ետքայլ, այնուհետև շահերի շոշափում և հստակ գործողություններ. արաբագետ Արմեն Պետրոսյանն այս տրամաբանության մեջ ներկայացրեց Թուրքիայի վերջին գործողությունները Միջերկրական ծովում՝ Հունաստանի ափամերձ հատվածներում՝ բնութագրելով դրանք մարտավարական:

«Շահագրգիռ բոլոր կողմերից ակնհայտ ճնշումներ են նկատվում Թուրքիայի նկատմամբ, որոնց Անկարան միանշանակ ի զորու չէր դիմակայելու և հենց դրանով էր պայմանավորված ետքայլը, այն է՝ նավը ետ կանչելը»,- ասաց  արաբագետը:

Հունաստանը մարտական պատրաստության է բերել զինված ուժերը, կոչ է արել ԵՄ-ին անհապաղ սկսել տարածաշրջանում խաղալ իրեն վայել դեր: Արաբագետը բնական է համարում այն, որ Հունաստանը Թուրքիայի հավակնոտ ու ագրեսիվ քայլերին պետք է փորձեր արձագանքել՝ օգտագործելով ունեցած բոլոր ռազմաքաղաքական միջոցները, այդ թվում դաշնակիցներին խնդրանք՝ ներգրավելու հնարավորությունները: Ոորոշ արդյունքներ արձանագրվեցին: Նախ Ֆրանսիայի կողմից բավական ակտիվ միջամտություն եղավ հիմնախնդրին, որը զուգահեռ և՛ ԵՄ-ի  արձագանքի համատեքստում էր, և՛ առանձին մերձավորարևելյան քաղաքական նոր ռազմավարության համատեքստում: Ֆրանսիան ակտիվանում է մերձավորարևելյան թեժ կետերում, որտեղ ունի հստակ շահեր: Առկա են նաև ԵՄ­ի, ՆԱՏՕ­ի անդամ երկրների գործողությունները, որոնք ակնհայտ սրման չեն գնում:

Արաբագետ Արաքս Փաշայանի խոսքով՝ արաբական երկրների շրջանում մտագոհություն է ձևավորվել տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի հավակնոտ քաղաքականությամբ պայմանավորված: Թուրքիայի հավակնություները զսպելու նպատակով արաբական առանձին երկրներ միավորվում են որոշակի առանցքների շուրջ: Վերջին շրջանում նման առանցք է ձևավորվել Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի միջև: Թեպետ այս առանցքի հիմնական նպատակը հակաթուրքականությունը չէ: Այս պետություններին միավորում են աշխարհաքաղաքական այլ շահեր և հետաքրքրություններ: 

«Թուրքիան արաբական գարնան գործընթացներից հետո աջակցում է «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական շարժմանը, որը շատ արաբական երկրներում, միջազգային հանրության շրջանակում, որոշ դեպքերում, ընկալվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: Վերջին շրջանում Թուրքիան նաև ծրագրեր է իրականացնում, ակտիվացնում թյուրքական ծագում ունեցող համայնքները, ինչի օրինակ է Լիբանանում թուրքական գործոնի ակտիվացումը»,-ասաց Արաքս Փաշայանը: Նա հատկանշական համարեց այն, որ վերջերս Թուրքիային որպես սպառնալիք է դիտարկել Արաբական պետությունների լիգան: Թեպետ Արաքս Փաշայանը նկատեց, որ Թուրքիան, մասնավորապես, նախագահ Էրդողանը որոշակի հեղինակություն ունի արաբական առանձին հասարակությունների շրջանում: Կան շրջանակներ, որոնք իրենց համարում են Օսմանյան կայսրության հետևորդներ: Դրանից բացի, վերջին տարիներին Թուրքիան մեծ ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ է ներդնում իր հեղինակությունը բարձրացնելու, սունիական աշխարհում որպես լիդեր հանդես գալու համար:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ