Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարի՝ Եգիպտոս այցի նշանակությունը

ՀՀ ԱԳ նախարարի՝ Եգիպտոս այցի նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 12-15-ը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Դրա ընթացքում տեղի ունեցած հանդիպումները, հնչած հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները լավագույնս արտացոլում են ինչպես հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, զգալի ներուժը, այնպես էլ տարածաշրջանային նոր իրողությունների, վերջին զարգացումների համատեքստում օրակարգային նոր ուղղությունների հեռանկարը՝ ընդհանուր շահերի առկայության, դրանց համադրման հիմքով։ Թեպետ ՀՀ պատվիրակության մերձավորարևելյան շրջագայությունը փոքր-ինչ ուշացած էր, բայց այս այցի ողջ բովանդակությունն ու ուղերձները լիովին տեղավորվում են ՀՀ մերձավորարևելյան քաղաքական նոր ուղեգծի տրամաբանության մեջ: Եգիպտոսի ընտրությունը՝ որպես շրջագայության մեկնակետ, ծրագրված ու իրականացված բանակցությունները պարունակում են կարևոր բովանդակային նրբություններ։ Եգիպտոսն «արաբամուսուլմանական աշխարհի», Մերձավոր Արևելքի, Աֆրիկա մայրցամաքի ամենաազդեցիկ դերակատարներից է և թվարկված տարածաշրջանների անվտանգության ապահովման «ծանր քաշայինը»։

Կահիրեում Մնացականյանի գլխավորրած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, արտգործնախարար Սամեհ Շուքրիի, ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի, Ալ-Ազհարի մզկիթի գլխավոր իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Թավադրոս Երկրորդի, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշված հանդիպումներից յուրաքանչյուրը նաև հստակ խորհրդանշական նշանակություն ունի և յուրօրինակ խթան է բազմակողմանի հարաբերությունների վերագործարկման, որոնք մասնակիորեն դանդաղել էին Եգիպոսում «արաբական գարնան» հետևանքով տեղ գտած ներքաղաքական խորքային փոփոխությունների հետևանքով։

  • Երկկողմ հարաբերությունների ուղղությունը

Հայ-եգիպտական հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխգործակցության՝ պատմությամբ թրծված հիմքերի վրա: Այսպիսի կապերի յուրօրինակ ցուցիչ է նաև այն իրողությունը, որ Եգիպտոսը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին արաբական երկիրն է, իսկ Մերձավոր Արևելքում  հայկական դիվանագիտական առաջին ներկայացուցչությունը 1992թ. բացվել է հենց Կահիրեում:

Միջպետական երկկողմ համագործակցությունն անցած 3 տասնամյակների ընթացքում ներառել է քաղաքական, կրթամշակութային, առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են հայ-եգիպտական բարեկամական խմբեր, ինչպես նաև Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը։

Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են տնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, իրավական և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ ավելի քան 5 տասնյակ փաստաթղթեր: Երկկողմ առևտրաշրջանառությունը 2019թ. կազմել է 5,8 մլն դոլար։

Հայաստանյան պատվիրակության այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական և մշակութային կապերն ավելի խորացնելու, ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում եղած «հետաքրքիր ներուժը» հետագայում առավել ընդլայնմանը միտված աշխատանքների ուղղությամբ: Վերոնշյալի համատեքստում, երկկողմ համագործակցության համար, վստահաբար, հավելյալ խթան կդառնա Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունները կառույցի կողմից վարում է Հայաստանը։ Անշուշտ, ձեռք բերված և նոր պայմանավորվածությունների առարկայացմանն զգալիորեն կարող է նպաստել նաև Եգիպտոսի նախագահի ծրագրվող այցը Հայաստան։

Բացի վերոնշյալից, չափազանց կարևոր է, ինչը նաև ընդգծվել է տեղի ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում, եգիպտահայ համայնքի նշանակալի դերը, ինչպես հայ-եգիպտական պաշտոնական հարաբերությունների ձևավորման ու ամրապնդման, այնպես էլ հետագա զարգացման գործում։ Այդ զգալի ներուժի կարևոր վկայություն է այն իրողությունը, որ դարերի ընթացք ունեցող եգիպտահայ համայնքը պատմության տարբեր շրջափուլերի ընթացքում լուրջ ներդրում է ունեցել նաև Եգիպտոսի պետականության կայացման և զարգացման գործում, ինչն, ըստ արժանվույնի, գնահատվում է այդ երկրի քաղաքական, հոգևոր իշխանությունների նաև եգիպտական հասարակության կողմից։ 

  • Տարածաշրջանային և անվտանգային ոլորտներում համագործակցության օրակարգը

Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որոնք մշտական լարվածություն, անկայունություն և անվտանգային տարաբնույթ սպառնալիքներ են ստեղծել նշված բոլոր տարածաշրջանների համար, ըստ էության, բխում են միևնույն աղբյուրից՝ Թուրքիայի գործող վարչակարգի վարած հավակնոտ և ագրեսիվ քաղաքականությունից։ Այս համատեքստում, նաև Եգիպտոսի ակտիվ ջանքերով փորձեր են իրականացվում տարածաշրջանային մի շարք արաբական երկրներում և ջրային գոտիներում Անկարային հակազդելու ուղղությամբ, ընդ որում, ինչպես ինքնուրույն, այնպես էլ տարբեր ձևաչափերում մի շարք այլ դերակատարների միավորելու միջոցով։ Հատկանշական է, որ այդ ջանքերին բազմիցս համերաշխություն է հայտնել Երևանը։ ՀՀ այդ դիրքորոշումը, ի դեպ,  Կահիրեում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում հերթական անգամ վերահաստատել է նաև Զ. Մնացականյանը։ Բացի այդ, Հայաստանի և Արցախի անվտանգությանը, Հարավային Կովկասի կայունությանն ու խաղաղությանն առնչվող թիրախային հարցերի լայն շրջանակ է քննարկվել ԱԳ նախարարների, նաև Եգիպտոսի նախագահի հետ հանդիպումներին։ Ի դեպ, Ալ-Սիսիի կողմից հայաստանյան պատվիրակության ընդունումը, որը նման մակարդակի այցերի ընթացքում եզակի իրողություն է, յուրօրինակ ցուցիչ է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի և դրանց զգալի ներուժի։

Անվտանգային տեսանկյունից ձևավորված նոր իրողությունները և այս ուղղությամբ նաև Եգիպտոսի հետ համագործակցությունը միաժամանակ մի քանի նոր հնարավորություններ են ընձեռում Երևանին։ Մասնավորապես, նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի վրա հիմնված ՀՀ դիրքորոշումը և դրա պարբերական բարձրաձայնումը բավականաչափ լուրջ պատասխան է՝ ընդդեմ Անկարայի թշնամական վարքագծի ԼՂ հակամարտության շրջանակներում։ Բացի նշվածից, ստեղծված իրավիճակը բարենպաստ միջավայր է ստեղծում Հայաստանի համար՝ ընդհանուր շահերի համադրմամբ խորացնել գործընկեր պետությունների հետ հարաբերությունները՝ հիմնված հատկապես հայկական շահերի և երկկողմ օրակարգերի առաջմղման վրա։

Զուգահեռաբար, Թուրքիայի ապօրինի գործողությունների դատապարտմանն ուղղված Հայաստանի գործողություններն ուղղակիորեն հարկադրում են այդ գործընթացներին ներքաշվել նաև Ադրբեջանին, ինչը միանշանակորեն հանգեցնելու է Անկարային հակառակորդ դերակատարների և պաշտոնական Բաքվի միջև հարաբերությունների առնվազն սառեցմանը։

Ի դեպ, նույն ուղղությամբ Հայաստանը կարող է շոշափելի հաջողություններ արձանագրել նաև Աֆրիկյան միության և ԱՊԼ-ի շրջանակներում գործունեության ակտիվացման պարագայում, որոնցում ունի դիտորդի կարգավիճակ։ Վերջինի ղեկավարի հետ հայաստանյան պատվիրակության հանդիպումը, քննարկված հարցերի և տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերների շեշտադրման հանգամանքը այս ուղեգծի զարգացման համար ստեղծված բարենպաստ միջավայրի վկայություն են։

Մուսուլմանական աշխարհի հետ յուրահատուկ հարաբերությունների տեսանկյունից էական և խորհրդանշական կարևորություն ունի ՀՀ պատվիրակության այցն Ալ-Ազհարի մզկիթ և նրա գլխավոր իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ հանդիպումը։ Այս մզկիթը և նրա առաջնորդն առանձնակի հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհի սուննի մուսուլմանների շրջանում։ Հետևաբար, այս հանգամանքի կարևորումը, քննարկված հարցերի լայն շրջանակը, ինչպես նաև իսլամի շիայական ուղղության առաջնորդ հանդիսացող Իրանի հետ սերտ բարեկամությունը գործուն վկայություն են Երևանի կողմից մուսուլմանական աշխարհի հետ համակողմանի համագործակցության արժևորման։ Ի դեպ, այս տեսանկունից Հայաստանի կողմից յուրօրինակ քաղաքական ժեստ էր մերձավորարևելյան շրջագայությունից առաջ Մնացականյանի հեռախոսազրույցը ԻԻՀ գործընկեր Մ.Ջ. Զարիֆի հետ։

Եվ վերջապես եգիպտոսյան այցի շրջանակներում  ՀՀ տարածաշրջանային բացառիկ դերի ընդգծման  տեսանկյունից չափազանց մեծ կարևորություն ունի Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ հանդիպումը։ Այս համատեքստում, բավականաչափ տպավորիչ են բանակցությունների օրակարգն ու Հայաստանի գլխավոր դիվանագետի ներքոշարադրյալ  հայտարարությունը։ Մասնավորապես, արձանագրվել է տարածաշրջանի կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների կողմից, ընդգծվել կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Իր խոսքում Մնացականյանը ներկայացրել է այս ուղղությամբ Երևանի որդեգրած թիրախային քաղաքականության իրացման օրինակները. «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»:

Ամփոփելով՝ հայաստանայան պատվիրակության այցը Կահիրե միանշանակորեն կարելի գնահատել հաջողված՝ նախանշված նպատակների իրականացման առումով։ Միևնույն ժամանակ, հռչակված և ոչ հրապարակային նպատակների ու ձեռքբերված պայմանավորվածությունների առարկայացման համար չափազանց կարևոր է հատկապես հայկական կողմի հետևողական և թիրախային գործելաոճը՝ նաև տարածաշրջանային բարենպաստ գործընթացների համատեքստում առավելագույն արդյունավետություն արձանագրելու համար։

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]