Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կոտայքի մարզի համայնքները կապահովվեն կայուն ոռոգման ջրով

Կոտայքի մարզի  համայնքները կապահովվեն կայուն ոռոգման ջրով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի` մոտ 200-ից պակաս հաստատված դեպք՝ բացառությամբ մեկ օրվա, որ գրանցվել է 203 դեպք:

«Բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ նախորդ օրը 257, երեկ 295: Ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է: Երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, բայց, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և  կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ, դա թերևս կապված է դպրոցների բացման հետ:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ թեստավորումների ընդհանուր հետազոտությունների թիվը մեծ է, այդ պատճառով էլ մեծ է բացարձակ թվով դեպքերի թիվը: «Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ տոկոսային աճ: Այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը  մտահոգիչ է: Մենք, մեր վերլուծությունների արդյունքում, կարծում ենք, որ այս աճը, միտումը կապված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչ դպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ: Սեպտեմբերի 15-ին բացվեցին դպրոցները, բայց մինչև դա արդեն իսկ բավական աշխուժություն էր նկատվում: Եվ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք նոր կտեսնենք դպրոցների բացման արդյունքում ինչ արդյունքներ ենք գրանցում: Իհարկե, արտակարգ դրության ռեժիմն ավարտվեց, բայց այն սահմանափակումները, որոնք առկա են, պետք է խստորեն պահպանել: Թվերն էլ մեզ հուշում են, որ միայն բոլոր կանոնների պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը, և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք, ինչը առողջապահական համակարգի մեծ լարում է առաջացնում և մեր աշխատանքը շատ է դժվարացնում »,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, և դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն: «Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում, և ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել  վարակի տարածման կանխարգելմանն ու իրազեկման աշխատանքները. «925 կորոնավիրուսից մահացած մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված՝ մահացել են այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, ավելի եմ համոզվում, որ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Ես համոզվում եմ, որ մենք պետք է շարունակենք գնալ այդ ճանապարահով: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, և, ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի վերլուծության, որի համաձայն՝  այն երկրները, որոնք առավել խիստ սահամանափակումների են գնացել և կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել՝ ունեն տնտեսական ամենախորը խնդիրները: «Եւ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, և մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»,-նշել է վարչապետը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է  Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին տրամադրել բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն: Ներկայացված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի ձևավորված արժեքի վերաբերյալ տվյալները: Անհրաժեշտ գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը: Որոշմամբ կարգավորվել են այդ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարցերը, ընթացակարգերը՝ դիմումների ներկայացումից մինչև վճարում, մշակվել են նաև համապատասխան դիմումների, մատյանի և աջակցության տրամադրման պայմանագրի օրինակելի ձևեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ պետք է պարզել շենքի փլուզման պատճառները: «Ըստ էության, այս վնասների հատուցման պոտենցիալ պահանջն ում նկատմամբ է ներկայացվելու: Ես որքան հասկանում եմ՝ սա կամ պետք է լինի շահագործման կանոնների խախտում, կամ որևէ այլ հանգամանք: Այնուամենայնիվ, պատճառները պետք է քննարկենք, հետևանքները հասկանանք, որովհետև այս ծախսն ինչ-որ ձևով պետք է արձանագրվի որպես պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով»,- ասել է փոխվարչապետը:

«Այդ հանգամանքը հաշվի առնված է: Քննությունը պետք է պարզի, թե ինչ հարաբերություններ են առաջանում: Բայց այստեղ կարևոր է, որ մենք, անկախ քննության արդյունքներից, արագ՝ դեպքից մեկ ամիս չանցած, արձագանքում ենք, խնդրին լուծում ենք տալիս»,- ասել է վարչապետ  Փաշինյանը: Նշվել է նաև, որ անօթևան ընտանիքներն այս ընթացքում կառավարության աջակցությամբ բնակվում են վարձով:

 

ՀՀ Կոտայքի մարզի  համայնքները կապահովվեն կայուն ոռոգման ջրով

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքները: Ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թ-ին  և 2015-2018 թթ. իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակիչների հետ ձեռք են բերվել պայմանավորություններ, և շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել մրցույթի ավարտից անմիջապես հետո: Ոռոգման ջրագծի կառուցման համար անհրաժեշտ գումարը՝ 152 մլն դրամ կտարամադրվի  «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից: Արդյունքում՝ կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:

 

Բուքմեյքերական գրասենյակները գործունեություն կծավալեն կրթական, պատմամշակութային օջախներից հեռու

Կառավարությունը hաստատել է «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները: 2020թ.  նոյեմբերի  1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով նման  գործունեություն  կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն: Ուսումնասիրվել է միջազգային փորձը և մշակվել է համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով ՀՀ առանձնահատկությունները և ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝  խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Այսպիսով՝ բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը, մասնավորապես՝ Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ՝ ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում՝ ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

 

Երևանում կկառուցվի ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Գործադիրի որոշմամբ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին պատկանող  Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ բացառապես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար: Հիմնավորման համաձայն՝  ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի ստեղծման ներդրումային ծրագիր է, որի համար Եվրոպական միությունը հատկացրել է 12.5 միլիոն եվրո:  Ծրագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ` տրամադրել ժամանակակից կրթություն Հայաստանի STEM ուսանողներին և երիտասարդ մասնագետներին` պատրաստելով նրանց աշխատանքի շուկային և դարձնելով ավելի մրցունակ և ստեղծել հարթակ արդեն իսկ գոյություն ունեցող նախաձեռնությունների համար (աքսելորատորներ, ինկուբատորներ, համալսարան և արդյունաբերություն)` ապահովելով սիներգիա  բոլոր շահառուների միջև: Ծրագրի շրջանակում  Թումո կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն: Շինությունը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ, որոնք Թումո ծրագրի տրամաբանական շարունակություն են և հնարավորություն են տալու ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուն պես, ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]