Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդգար Ավետիսյան. PROFAL-ը կունենա արտահանման ծավալների եռակի աճ

Էդգար Ավետիսյան. PROFAL-ը կունենա արտահանման ծավալների եռակի աճ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան շատ ընկերություններ, չնայած դժվարություններին ճգնաժամն օգտագործեցին որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն և գործընկերային հարաբերություններ ստեղծեցին նաև արտաքին շուկաներում: Ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների տեղական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել ենք առաջիկա ծրագրերի՝ մասնավորապես միջազգային շուկա դուրս գալու և տեղական արտադրանքի արտահանման հեռանկարների մասին:       

Պարո՛ն Ավետիսյան, այսօր տեղական բոլոր ընկերությունները ճգնաժամի հաղթահարման ճանապարհին են: Որո՞նք են PROFAL ընկերության ներկայիս քայլերը: Ի՞նչպիսին էին ընկերության ծրագրերը ճգնաժամից առաջ, արդյո՞ք դրանք փոփոխվել են:

Մեր ոլորտի համար հիմա դժվարին ժամանակներ են. 2019-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածում շինարարությունը 25%-ով անկում է ապրել: Մենք էլ բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր ունեինք, և ամեն ինչ արեցինք  դրանք չչեղարկելու և բոլորն իրականություն դարձնելու համար: Չնայած  դժվարություններին՝  թիմի համախմբվածության և ջանքերի, մեր  ռազմավարական որոշումների և քայլերի շնորհիվ մեզ հաջողվեց հնարավորինս չեզոքացնել ճգնաժամի բացասական հետևանքները:

Այս ընթացքում PROFAL-ի համար կարևոր ու առաջնային ուղղություններից մեկի՝ արտահանման զարգացմանն ուղղված մի շարք գործնական քայլեր ձեռնարկեցինք: Մինչև համավարակի տարածումը և արտակարգ դրության հայտարարումն արդեն իսկ ունեինք հաստատված նախագծեր,  պահեստավորած պատրաստի արտադրանք և մեր ամբողջ ռեսուրսներն ուղղեցինք դրանց իրացմանը: Հաստատված նախագծերից բացի նաև իրականացրել ենք մեծածավալ աշխատանքներ, վարել ենք երկարատև բանակցություններ միջազգային նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով: Արդյունքում՝ արդեն ապրիլին մեզ հաջողվեց ԱՄՆ-ում կնքել շատ կարևոր և խոշոր պայմանագիր, որն էլ մեզ համար հեռանկարային համարվող արևմուտքի շուկայում դիրքավորվելու առաջին քայլն էր:

Որքանով տեղյակ ենք, PROFAL ընկերության արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացված է 2013 թվականից: Որո՞նք են Ձեր ընկերության համար հեռանկարային և հետաքրքիր շուկաները:  Դրանցից որո՞նցում եք արդեն ներկայացված:

Խոշոր շուկաներ մուտք գործելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում: Մեր ցանկացած միջազգային նախագծի հաստատումից առաջ բանակցությունները կարող են տևել մինչև անգամ մեկ տարի. դա մեր ոլորտի բնույթն ու առանձնահատկությունն է, և պետք է զինվել համբերությամբ: Նման շուկաներում հաշվի է առնվում ամեն մանրուք, այնտեղ շատ խստապահանջ են գործընկերների ընտրության հարցում: Յուրաքանչյուր երկրի շուկա ունի իր առանձնահատկությունները, պահանջները և տարբերվում է իր բիզնես մշակույթով:

Մեր արտահանումն ու շուկաների ընդլայնումը սկսել ենք 2013 թվականին Սաուդյան Արաբիայից, որը հեռանկարային լինելուց բացի նաև մարտահրավերային էր մեզ համար: Սաուդյան Արաբիայում և առհասարակ արաբական երկրներում նախընտրում են շքեղն ու տարբերվողը և փնտրում են այնպիսի ընկերությունների, որոնք կկարողանան այդ ամենի հետ մեկտեղ ապահովել նաև որակ ու հուսալիություն: Այսօր այստեղ ունենք կայուն համագործակցություն, համարվում ենք առաջատար կազմակերպություն, և մրցունակ ենք հայտնի եվրոպական բրենդերի հետ: Մեր թիմն է ամբողջությամբ իրականացնում թե´ տեղափոխման, թե´ տեղադրման աշխատանքները: Սպասարկել և սպասարկում ենք լյուքս դասի ապարտամենտների, առանձնատների, հյուրանոցային համալիրների, առևտրի կենտրոնների: Պատվիրատուներն էլ հիմնականում արքայազներն ու թագավորական ընտանիքների անդամներն են: Այս պահի դրությամբ մեր արտադրանքի արտահանման ամենամեծ շուկան դեռևս Սաուդյան Արաբիան է:

Արտահանում իրականացնում ենք նաև Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Այս տարի Մոսկվայում պետական մասշտաբի մեծածավալ նախագիծ իրականացրեցինք, որը մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր: PROFAL ընկերության թիմին է վստահվել Համաշխարհային 2-րդ պատերազմի 75-ամյակի առթիվ Ռուսաստանում մերձմոսկովյան «Պատրիոտ» մշակույթի և հանգստի ռազմահայրենասիրական զբոսայգում մայիսի 9-ին վերաբացված «Հիշողության ճանապարհ» հուշահամալիրի պատկերասրահի հատակի եռաշերտ ապակեպատման աշխատանքների իրականացումը: Այստեղ աշխատանքները դեռ շարունակվում են, և ունենք նաև  ընթացիկ հաստատված նախագիծ, որը կոմերցիոն շինություն է:

Իսկ Վրաստանում արտահանումից բացի 2013 թվականից գործում է PROFAL-ի դուստր ձեռնարկությունը, որը հիմնականում զբաղվում է ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրությամբ: Մեր արտահանման ուղղություններից են նաև Արաբական միացյալ էմիրությունները, եվրոպական մի քանի երկրներ,  Պուերտո Ռիկոն:

Եվ, ինչպես նշեցի արտահանման նոր շուկա ենք մուտք գործել՝ ԱՄՆ, որը բոլոր  տեսակի  բիզնեսների համար մշտապես եղել է ամենացանկալի և հեռանկարային շուկան, որովհետև ապրանքներն այստեղ վաճառվում են մեծ շահութաբերությամբ: PROFAL ընկերությունն ԱՄՆ-ում նախագիծ իրականացնելու բանակցությունները սկսել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին: Ներկա նախագծի վերջնական պատվիրատուն Լոս Անջելեսի քաղաքապետարանն է՝ կառուցում են լողավազանային համալիր: Պատասխանատվությունը կրկնակի մեծ է, որովհետև այլ է, երբ աշխատում ես անհատի և միանգամայն այլ՝ երբ համագործակցում ես պետական կառույցի հետ, հատկապես ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ հաշվի են առնում ամեն մանրուք, և պահանջների նշաձողը շատ բարձր է:

Կնշե՞ք վերջին 3 տարիների ընթացքում արտադրանքի արտահանման ինչպիսի ծավալներ եք գրանցել:

Արտահանման ամենամեծ ծավալները մենք գրանցել ենք 2016 թվականին. արտահանվել է արտադրանքի մոտ 35%-ը: Չեմ շտապի թվեր բարձրաձայնել, քանի որ տարին դեռևս չի ավարտվել և վերջնական վերլուծություններ առայժմ չունենք, բայց վերջին 3 տարիների համեմատ արդեն իսկ առկա նախագծերով կանխատեսում ենք արտահանման ծավալների եռակի աճ:

Դռների և պատուհանների արտահանումը բավականին բարդ գործընթաց է՝ նախագծումից մինչև տեղադրում, այն էլ Հայաստանից դուրս: Ինչպե՞ս եք կարողացել հաջողել արտաքին շուկաներում:

Շատերն են զարմանում, երբ լսում են, որ ալյումինե և ապակե կոնստրուկցիաներ ենք արտահանում: Այս պրոդուկտների արտադրությունը նախագծում, միլիմետրերի ճշտություն է պահանջում, և  աշխարհի մի ծայրից մյուսը դրա  ապահովումը կրկնակի պատասխանատվություն է: Բայց արտահանման այն շուկաներում, որտեղ ոչ միայն մատակարար ենք, այլև ինքներս ենք իրականացնում տեղադրումը, ունենք մասնագետների աշխատանքային խմբեր, որոնք Հայաստանից հերթափոխով եռամսյա գործուղման են մեկնում՝ օրինակ արաբական երկրներ, Ռուսաստան:

ԱՄՆ-ում այլ սկզբունքով ենք աշխատում, այնտեղ նախագծումը, արտադրությունն ու տեղադրումը տարբեր ընկերություններ են իրականացնում: Բայց, քանի որ այստեղ առաջին նախագծերն ենք մեկնարկել, սկզբնական շրջանում մեր ինժեներների թիմն անպայման կմեկնի այնտեղ:

Որքանո՞վ է PROFAL ընկերության արտադրանքն արտաքին շուկաներում մրցունակ. ո՞րոնք են առավելությունները, ինչու՞ պետք է ընտրեն ''Made in Armenia''-ն:

Բոլոր այն երկրներում, որտեղ արտահանում ենք, նախևառաջ գնահատում են մեր վարպետների պրոֆեսիոնալիզմն ու մեր ընկերության՝ ժամանակի արդյունավետ կառավարման հմտությունները մոնտաժման աշխատանքներում: 

Մյուս մրցակցային առավելությունները արտադրանքի որակն ու գինն են: Տեղական արտադրանքի արտահանման ծավալների  աճին նպաստեց մեր արտադրանքի  ինքնարժեքի նվազումը՝ շնորհիվ Կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացրած PROFAL-ի  կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և  հումքի  ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշման:  Այս ծրագրի շրջանակում նախատեսվում էր իրականացնել մոտ 1 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ սարքավորումների ձեռքբերման և արտադրական տարածքների շինարարական աշխատանքների, ու ևս 8,2 միլիարդ դրամ հումքի ձեռքբերման համար: Տարբեր ուղղություններով ունենք շուրջ 5 մլրդ դրամի հասնող ներդրումային ծրագիր:  Մի մասն արդեն իրականացրել ենք 2019-ին և 2020 թվականի  առաջին 6 ամսվա ընթացքում, ներդրումների մյուս մասը նախատեսում ենք մինչև 2021 թվականի ավարտ: Դրանից բացի մեր ներդրումների  թիվն աճելու է  ևս 20%-ով:

 

Հարկային արտոնություն ստանալով՝ մենք ավտոմատացրինք մեր արտադրությունը, ներկրեցինք եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, ավելացրինք արտադրական հզորությունները, ստեղծեցինք նոր աշխատատեղեր և հիմա միավոր ժամանակում ավելի մեծ արտադրանք ենք ապահովում:

Մենք նաև սկսեցինք զարգացնել շուկան՝ դիլերային մեծ ցանց ստեղծեցինք, որն ապահովում է պատվերներն ու մեր արտադրանքի վաճառքը: Դարձանք փոքր և միջին ձեռնարկությունների համար մատակարար, և նրանք այժմ հնարավորություն ունեն ավելի մատչելի և որակով պրոդուկտ ձեռք բերել հենց տեղական արտադրողից: Այսօր, ի ուրախություն մեզ, արդեն կա որոշակի առաջընթաց, որովհետև սպառողն ինքն էլ սկսել է տարբերակել որակյալը:

Որո՞նք են PROFAL ընկերության հաջորդ քայլերը արտահանման հետ կապված:

Մենք շարունակում ենք բանակցություններ վարել տարբեր գործընկերների հետ նոր նախագծերում ներգրավվելու նպատակով: Բայց դրանք իրականացնելու և պահանջարկը բավարարելու համար նախևառաջ պետք է հզորացնենք մեր արտադրությունը: Ծրագրում ենք կառուցել տարածաշրջանում իր տեսակի մեջ  եզակի նոր գործարան, որը հնարավորություն կտա 3-4 անգամ ավելացնել մեր արտադրական հզորություններն ու  ստանալ ավելի որակյալ, մատչելի և հասանելի արտադրանք թե´ ներքին և թե´ արտաքին շուկաների համար: Այս պահին շինթույլտվություն ստանալու փուլում ենք, հուսով ենք աշնանը կսկսենք շինարարությունը և արդեն 2022 թվականին այն կշահագործենք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]