Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կովկասի բուրժուազիայի ճարտարապետը. հայերեն թարգմանությամբ լույս է տեսել «Արամյանց» գիրքը

Կովկասի բուրժուազիայի ճարտարապետը. հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 
«Արամյանց» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փիլիսոփայական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր,  ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Արամյանց» գիրքը թարգմանվել  է հայերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանճարեղ ձեռներեց ու բարեգործ Միքայել Արամյանցի կյանքի մասին պատմող գիրքը ռուսերենից թարգմանել է Դավիթ Սամվելյանը, գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Կան արժեքներ, որոնք միշտ ստորադասվում են անձնական շահերին և անգամ անձնական երջանկությանը: Ահա այսպիսի սկզբունքով էր առաջնորդվում իր ժամանակի ամենահակասական ճակատագրերից մեկի կրողը՝ Միքայել Արամյանցը: Մարդ, որն այդպես էլ իր խաղաղությունը չգտավ սեփական տան պատերի ներսում. փորձում էր երջանկացնել նրանց, բարին գործել նրանց համար, ովքեր ունեին այդ պատերի կարիքը: Կովկասի բուրժուազիայի ճարտարապետ. ահա այսպիսի անուն էին տվել ժամանակակիցներն Արամյանցին, որն իրավամբ ճաշակ թելադրող ու ստեղծող էր այնտեղ, որտեղ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը»,-նշում է գրքի թարգմանիչը:

Դավիթ Սամվելյանի խոսքով՝ կարելի է շատ երկար թվարկել այն որակներն ու հանգամանքները, որոնք առիթ հանդիսացան Արամյանցի վերելքի համար, սակայն առաջնային որակներն ամենաէականն են՝ աշխատասիրություն և նվիրվածություն, անկոտրում կամք ու նպատակ՝ բարին գործելու և իրականացնելու սեփական երազանքները, որոնց լրումը կերջանկացներ ոչ միայն իրեն, այլև իր շրջապատի ու դրանից դուրս գտնվող հասարակ մարդկանց:

«Միքայել Արամյանցի հայանպաստ, մարդանպաստ գործունեությունը, նրա հաջողությունները բիզնեսում, նրա բերած նորամուծությունները մշտապես իրենց ուրույն հետքն ու ներգործությունը թողեցին այն միջավայրի ու վայրի վրա, որտեղ նա ապրեց ու արարեց՝ Թիֆլիսում, Բաքվում և հայերի կյանքում: Կարեն Օհանջի այս վեպը նվիրումի և անմնացորդ սիրո մի պատում է առ հայրենիք, առ արժեքներ, առ մարդն ու Աստված: Սեր, որն անպարտելի է և հավերժ, սեր, որն Արամյանցին՝ Թիֆլիսի պատվավոր քաղաքացուն, «ստիպեց» չլքել սիրելի քաղաքն անգամ այն դեպքում, երբ այդ նույն քաղաքն ուրացավ նրան ու նրա սերն իր հանդեպ: Եվ սերը հաղթեց. նրա անունն ու գործը մշտապես դաջվեց սերունդների հիշողության մեջ»,-հավելում է Դավիթ Սամվելյանը:

«Արամյանց» գրքով Կարեն Օհանջանյանն ընթերցողին ծանոթացնում է հայկական բիզնեսի ծագման, դրա զարգացման և գործարար ընտրախավերի փոխհարաբերությունների մշակույթին, և, իհարկե, բուրժուազիական բարեգործության նոր մշակույթին, որը կարելի է սահմանել որպես մարդկայնության դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ունեն կարեկցանքի և օգնության կարիք: «Արամյանց» վեպը նաև Ռուսական կայսրության ամենահանճարեղ ձեռներեցներից մեկի, բարեգործի և հայ, թիֆլիսյան և Բաքվի մտավորականության հովանավոր մեծ մարդու դրաման է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]