Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Լիբանանը Թուրքիայի ագրեսիվ գործողությունների առանցքում է. Թուրքագետի անդրադարձը

Լիբանանը Թուրքիայի ագրեսիվ գործողությունների առանցքում է. Թուրքագետի 
անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը Թուրքիայի ագրեսիվության առանցքում է հայտնվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ մյուս արաբական երկրների համեմատ այստեղ Թուրքիան ավելի ուշ սկսեց իր գործողությունները: Լիբանանում Թուրքիան փորձում է օգտագործել թյուրքալեզու փոքրամասնությանը, որն ապրում է երկրի հյուսիսում: Մի մասը Թուրքիայից տասնամյակներ առաջ տեղափոխված մարդիկ են, որոնց թիվը մոտավոր 80 հազար է: Սիրիայում լարվածության ճգնաժամի պատճառով այնտեղից թյուրքալեզու քաղաքացիներ տեղափոխվեցին Լիբանան: Ներկայում Լիբանանի հյուսիսում 220-230 հազար թյուրքալեզու մարդկանց մասին է խոսվում:

«Օգտագործելով այդ բնակչությանը՝ Թուրքիան փորձում է իր տեղն ամրապնդել Լիբանանի քաղաքական համակարգում: Սա հեռահար նպատակ ունի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ այնտեղ հայկական համայնքը թիրախավորվելու վտանգ կա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Լիբանանում գործում են  թուրքական կառույցներ ՝ պետական և ոչ պաշտոնական, ծայրահեղ հոգևորական եղբայրություններ և այլն: Բոլոր այդ կառույցները համակարգվում են Անկարայի կողմից:

 «Այնպես որ, մենք տեսնում ենք թուրքական ագրեսիվ գործողությունների մի նոր ուղղություն Լիբանանում, որն անմիջական վտանգ է հայկական համայնքի համար: Լիբանանի ճգնաժամից հետո ակնհայտ է, որ ստեղծվելու է նոր քաղաքական համակարգ, և Թուրքիան նպատակ ունի իրեն հավատարիմ քաղաքական ուժերը տեսնել այդ համակարգում»,-հավելեց  թուրքագետը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ